News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստում՝ ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձեւաչափում,  ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, եւս մեկ անգամ օգտագործելով առիթը, անդրադարձել է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդած գործընթացներին եւ գալիք խորհրդարանական ընտրություններին:

Իր ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ողջ էությունը՝ համարելով դրանք բովանդակային նախադրյալներով կենսական՝ կերտելու համար առավել կայուն եւ ժողովրդավարական համակարգ եւ կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը եւ օրենքի գերակայությունը:

Հերմինե Նաղդալյանն իր խոսքում ընդգծել է, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը եւ նրա գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից:

Նաղդալյանը տեղեկացրել է, որ Հանրաքվեից հետո հայաստանյան իշխանությունները ձեռնարկել են իրավական համակարգի փոփոխման եւ նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Ընդունվել են նոր սահմանադրական օրենքներ, բազմաթիվ օրենքներում եւ  իրավական ակտերում կատարվել համապատասխան փոփոխություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Տեղական ինքնակառավարման եւ խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում: Իր խոսքում տիկին Նաղդալյանը շեշտել է, որ օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաեւ 2017-ի համար՝  կրկին Վենետիկի հանձնաժողովի եւ այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ:

Հայաստանի ամենաքննարկված փաստաթղթի՝ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը ՀՀ ԱԺ փոխնախագահի հավաստմամբ՝ ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության, հիրավի, բացառիկ ձեւաչափով՝ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ: 

«Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում  առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար»,- իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝ հավաստիացնելով, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է, եւ դրանց լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարեւոր են, քան արդյունքները:

«Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների եւ ծրագրերի վրա: Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ որեւէ արտաքին խոչընդոտ չի  կարող մեզ շեղել այդ ուղուց»,-  իր ելույթում նշել է տիկին Նաղդալյանը:

 Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխխոսնակը եվրոպացի պատգամավորներին հիշեցրել է անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով  Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի , ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած վերջին ռազմական ոտնձգության մասին, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ եւ չնայած դրան Հայաստանը չի հեռացել իր ժողովրդավարական ուղուց եւ հավատարիմ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի եւ տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը՝ իրականացնելու  լայնամասշտաբ  բարեփոխումներ՝  դատական, մարդու իրավունքների եւ այլ կարեւոր բանագավառներում՝ բոլորը համահունչ մեր միջազգային պարտավորություններին»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահն՝ ընդգծելով, որ Հայաստանի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որեւէ արտաքին գործոնով, լինի դա աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ