News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 22-ամյա Կարեն Ուլուբաբյանը: Նա Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել: Ուլուբաբյանը բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքից էր:

Կարենը 2014 թվականի օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները հետ մղողներից է եղել, այն ժամանակ՝ որպես շարքային զինծառայող: Կարենի հայրն ու հորեղբայրը նույնպես արցախյան ազատամարտի մասնակիցներ են: Զինծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հունվարի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ակտիվորեն խախտել է հրադադարը: Հայկական կողմը հարկադրված է եղել պատասխան գործողությունների դիմել:

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը կարծես թե որոշակիորեն ուրվագծվում է: Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն ընտրություններին միայնակ է մասնակցելու: Նույն ձեւաչափն է ընտրել նաեւ ՀՅԴ-ն, ըստ փորձագիտական գնահատականների, նաեւ ՀԱԿ-ը, թեեւ խոսակցություններ կան, որ առաջին նախագահի կուսակցությունը կարող է միանալ «Ծառուկյան դաշինքին»:

Այստեղ, ի դեպ, դեռեւս մեկ կուսակցություն է՝ ԲՀԿ-ն, բայց այսօր Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ: Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չեն հայտնում, բայց մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Դեմիրճյանը համաձայնել է միավորվել Ծառուկյանի դաշինքին, ինչի դիմաց նրան խոստացել են ընտրական ցուցակի 5-րդ տեղը։

Փոխարենը քիչ թե շատ հստակություն կա «Ելք» դաշինքում: Այն արդեն առաջին համաժողովն է անցկացրել՝ Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունների մասնակցությամբ: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Ելք»-ը հանդես կգա «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով:

«Ելք»-ում վստահ են, որ կարող են ելք գտնել երկրում ստեղծված ծանր վիճակից եւ, ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի դեպքում ի վիճակի են հասնել իշխանափոխության: Խոսում են ընդդիմության կոնսոլիդացիայից, բայց դաշտի մյուս ուժերի հետ միավորվելու ծրագրեր չունեն: Արամ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու է անհնար Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ միավորումը:

Ի դեպ՝ «Ելք»-ին սատարում է նաեւ հայտնի դերասան Հայկ Մարությանը: Նա նույնպես ներկա էր դաշինքի առաջին համաժողովին: Մարությանն ասել է, որ քաղաքականություն չի մտնում, բայց չի բացառել, որ, անհրաժեշտության դեպքում, կարող է նաեւ պատգամավորի թեկնածու առաջադրվել:

Իսկ Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ Արամ Սարգսյանի դաշինքի նախընտրական ցուցակը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա վերջապես խոսել է՝ հրապարակած տեսաուղերձում բացատրելով, թե ինչու է դարձել ընդդիմադիր եւ ինչն է նրան խանգարել երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին խոսել պաշտպանության նախարար եղած տարիներին:

Օսկանյան-Օհանյան դաշինքին միանալու որոշում է կայացրել նաեւ ԱԻՄ-ը. կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Ընտրություններին միայնակ է մասնակցելու նաեւ «Հայկական վերածնունդը», որի հաղթանակի շանսերն Արթուր Բաղդասարյանը փայլուն է գնահատում: Վստահեցրել է, որ իրենք գործել ու շարունակելու են գործել ընդդիմադիր դաշտում: Այս ընթացքում կոնսուլտացիաներ են անցկացնում տարբեր ուժերի հետ, բայց թե ո՞ւմ՝ չի հստակեցրել:

Հունվարի 25-ի երկրորդ կեսից հանրապետությունում նոր՝ հզոր ցիկլոն է սպասվում: Հունվարի 26-28-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Ջերմաստիճանը, սակայն, վերջապես կբարձրանա: Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, Երեւանում հունվարի 26-28-ին գիշերը կգրանցվի -5-7, ցերեկը՝ -1-3 աստիճան ցուրտ:

Արցախում մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը։ Փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեից առաջ ակտիվ քարոզչություն են անելու, մասնավորապես, երեք ուժեր՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիքը», Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու Հայկ Խանումյանի «Վերածնունդը»։

Եվ եթե առաջին երկուսը քարոզելու են Սահմանադրության փոփոխությունների օգտին, ապա Հայկ Խանումյանը «դեմ»-ի շտաբ է ստեղծել: Մարտավարություն դեռ չի մշակել, ամեն դեպքում, հանրահավաքներ չեն լինելու, բավարարվելու են միայն բակային հանդիպումներ։ Փոփոխություններին դեմ է նաեւ ՀՅԴ-ի արցախյան կառույցը: Դրանցով նախատեսվում է անցում կառավարման նախագահական մոդելին:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել հայազգի թեկնածու Գլեդիս Բերեջիկլյանը: Նա ներկայացնում է «Ազատական» կուսակցությունը: Բերեջիկլյանը դարձել է կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով: Մինչ այս՝ նա Նոր Հարավային Ուելսում այլ բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել: Գլեդիս Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է: 2013 թվականին ավստրալական նահանգի խորհրդարանական պատվիրակության հետ Արցախ էր այցելել՝ հայտնվելով Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

Սկանդալային միջադեպ Արարատի մարզում: Այստեղ անչափահաս աղջկա են առեւանգել ու բռնաբարել: Ահազանգը ստացել է ոստիկանության Մասիսի բաժինը: Դեպքի առիթով քննություն է կատարվում։

Խոշոր վթար Ռուսաստանում. տուժածները հայեր են: Կրասնոդարի երկրամասի Պավլովի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Հայաստանի 9 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել: Վիրավորների մի մասը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ հիվանդանոցում գտնվողներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության: Նրանք տարբեր աստիճանի կոտրվածքներ ունեն, երկուսը՝ նաեւ թոքի վնասվածք:

Հայկական համարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել 90 դոլարի չափով երաշխիքային վճարում կատարելով: Նախկինում մեր վարորդները 500 դոլար էին վճարում: Իրանական կողմը տեղեկացնում է, որ հայկական մեքենաներն Իսլամական հանրապետության տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

Թրամփի երդմնակալությունից 3 օր անց աշխարհը շարունակում է քննարկել արարողության ամենաուշագրավ պահերը. ով էր ավելի գեղեցիկ՝ Միշել Օբամա՞ն, թե՞ Մելանյա Թրամփը, ի՞նչ է Մելանյան նվիրել Միշելին Սպիտակ տան առջեւ հանդիպելիս, արդյո՞ք Մելանյան ոճի խորհրդանիշ կդառնա: Նոր առաջին տիկնոջն ուղղված տիկին Օբամայի հայացքից կարելի է ենթադրել, որ նրան նույնպես մտահոգում է այդ հարցը։

Ընտանիքի պաշտամունք ունեցող ամերիկյան հասարակությանը տպավորել է Թրամփի ընտանիքի մասնակցությունը արարողությանը հաջորդած պարահանդեսին, իսկ ուշադրության կենտրոնում Իվանկա Թրամփն է՝ նախագահի ավագ դուստրը: 35-ամյա Իվանկան զբաղվում է հոր բիզնեսներով եւ նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նրա կողքին է եղել: Նրա ամուսինը՝ մեդիամագնատ Ջարեդ Քուշները, Թրամփի գլխավոր խորհրդատուն է:

Իվանկայի շնորհիվ մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Արարողության ժամանակ 70-ամյա Քլինթոնը, մոռանալով քաղաքավարության կանոնների մասին, երկար զննել է Իվանկային, ինչը չի վրիպել նրա կնոջ աչքից:

Եվս մեկ նախկին նախագահ՝ Ջորջ Բուշը, մեմերի հերոս է դարձել, երբ երդմնակալության արարողության ժամանակ անհույս պայքարի մեջ է մտել անձրեւից պաշտպանող թիկնոցի հետ։

Դոլարն ու եվրոն նորից թանկանում են: Հունվարի 23-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 605 դրամ:

Հունվարի 24-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից եւ 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ