News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որ ԵԽԽՎ–ն վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի եւ խայտառակ մի երեւույթի, ինչպիսին Ադրբեջանի «սեւ ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, որոնք այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 23–ին, ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ ասել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բելառուսում ձերբակալված Ալեքսանդր Լապշինին, որին մտադիր են արտահանձնել Ադրբեջանին։

Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, մինչեւ մեր օրակարգի հաստատումը ես պահանջում եմ, որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երեւույթի, հատկապես, որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների եւ խոսքի ազատության պաշտպանությունն է: Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է: Հիշեցնեմ՝ Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացիություն, նրան ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հրահանգով՝ այն բանի համար, որ բլոգերը 2011 եւ 2012թթ. այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի եւ խայտառակ մի երեւույթի, ինչպիսին Ադրբեջանի «սեւ ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ. քանի՞ հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի «սեւ ցուցակում», որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես դրան անդրադառնա, քանի՞ լրագրող, զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է: Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի  իր Լեթարգիական քնից եւ արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ: 

Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որեւէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը եւ արտահանձման պահանջին: Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, եւ որեւէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու եւ արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը:

Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին, ինչպես նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին եւ թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ