News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ժառանգորդ Դոնալդ Թրամփին ամրացող տնտեսություն եւ պետական պարտքի բարձր, սակայն կայուն մակարդակ է թողել: Ամերիկյան նոր վարչակազմի օրոք երկու ցուցանիշներն էլ կշարունակեն աճել, սակայն բյուջետաֆինանսական խնդիրները սպառնում են արդեն 2020 թվականին շատ ավելի մեծ չափով սահմանափակել ԱՄՆ-ի վարկային պոտենցիալը, կանխատեսում է միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Աշխարհում խոշորագույն ամերիկյան տնտեսությունը ամրության զգալի պաշար ունի: Այն դիվերսիֆիկացիայի, դինամիզմի եւ մրցունակության շատ բարձր մակարդակ է ցուցադրում, բնական հարուստ պաշարների է տնօրինում: Այն առանձնանում է նաեւ եկամտի բարձր մակարդակով եւ ժողովրդագրական  բարենպաստ միտումներով, Moody's-ի վերլուծաբանները հայտնում են իրենց՝ «ԱՄՆ կառավարությունը. Նախագահ Թրամփը ժառանգում է ցածր պակասուրդ եւ առողջ տնտեսություն, սակայն պարտքային խնդիրներն աճում են» մակրոտնտեսական ակնարկում: Երկրի ՀՆԱ-ի աճը վերջին եռամսյակներին արագացել է՝ 2016-ի տվյալներով այն կազմել է 1,6 տոկոս: Նոր նախագահի օրոք ամերիկյան տնտեսությունը կշարունակի առաջընթաց տեմպերով աճել. 2017 թվականին՝ 2,4 տոկոս, 2018-ին՝ 2,5 տոկոս, կանխատեսել է Moody's-ը: Կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի աճին կնպաստի նաեւ խթանող բյուջետահարկային քաղաքականությունը դրամավարկային քաղաքականությունը աստիճանաբար խստացնելու դեպքում:

Օբամայի նախագահության 8 տարիներին (2009-ից մինչեւ 2016 թվականներ) եկամուտների կայուն աճը օգնել է դաշնային բյուջեի պակասուրդը կրճատել ՀՆԱ-ի 9,8 տոկոսից մինչեւ ՀՆԱ-ի 3,2 տոկոս: Արդյունքում երկու ցուցանիշները՝ պակասուրդի եւ ՀՆԱ-ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը վերադարձել են մինչճգնաժամային մակարդակին: Սակայն եթե միջոցառումներ չձեռնարկվեն, սոցիալական եւ բժշկական ծրագրերի աճող ծախսերը կրկին պակասուրդը կմեծացնեն, նախազգուշացրել է Moody's-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ