Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի տարածաշրջանային առաջին կենտրոնը երեքշաբթի բացվել է Քուվեյթում: Այս մասին Էլ Քուվեյթում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք այսօր առավոտյան Քուվեյթում ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կենտրոն բացեցինք, որը տարածաշրջանում մեր գործունեության եւ գործողությունների հիմնական կենտրոնը կլինի»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ Քուվեյթում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացումը կարեւոր քայլ է տարածաշրջանին, առաջին հերթին, ահաբեկիչներից բխող սպառնալիքների առկայության պատճառով:
Նա ընդգծել է, որ «կենտրոնի ստեղծումն իրենից ներկայացնում է ՆԱՏՕ-ի եւ տարածաշրջանի երկրների խոստումնալից համագործակցություն»:
Կենտրոնի բացումից հետո Քուվեյթում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ, որին մասնակցել են Քուվեյթի, Բահրեյնի ԱԳ նախարարները եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ ազ-Զայյանին: