News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քաղաքական դաշտի վերջին օրերի գլխավոր ինտրիգը հանգուցալուծվեց. Հովիկ Աբրահամյանը հեռանում է Հանրապետական կուսակցությունից: Որոշումն արդեն կայացրել է, իսկ դիմումը, հավանաբար, վաղը կներկայացնի: Հատկանշական է, որ կարեւոր այդ որոշումը նախկին վարչապետը հրապարակել է իր ծննդյան օրը:

Իսկ լուրերը վաղուց էին շրջանառվում: Ասում էին՝ Աբրահամյանը երկար ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին համոզում էր՝ իրեն ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար նշանակել: Լավատեղյակ աղբյուրներն էլ հակադարձում էին. նման հարց չի էլ քննարկվել: Ամեն դեպքում, անցած հինգշաբթի կայացած Հանրապետականի գործադիր մարմնի նիստին Աբրահամյանը չի մասնակցել, իսկ հետո ասում էին՝ անսպասելիորեն Մոսկվա է մեկնել ու հանդիպումներ ունեցել այդ երկրի քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ:

Հանրապետականում Աբրահամյանի հեռանալուն նորմալ են վերաբերվում: Կուսակցության մամուլի խոսնակն ասում է՝ յուրաքանչյուրի ընտրությունն է` ինչպես շարունակել քաղաքական գործունեությունը: Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ երկու օրից կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր են գումարվելու, այդ ժամանակ էլ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները:

Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, հարազատ կուսակցությունը լքելու պատճառների մասին հիմա չի ուզում խոսել: Ասում է միայն, որ քաղաքականությունից չի հեռանալու, ինչը նոր ինտրիգ է առաջացրել. ո՞ր ուժի հետ է նախկին վարչապետն ընտրությունների գնալու: Լուրեր են շրջանառվում, որ նա քաղաքական ուղին շարունակելու է իր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ՝ միանալով նրա ստեղծած դաշինքին, թեեւ ինքը հավաստում է, որ դեռեւս նման որոշում չի կայացրել: Հարցական է նաեւ, արդյո՞ք հոր օրինակով Հանրապետականի շարքերը կլքի նախկին վարչապետի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

«Ծառուկյան դաշինքին» միանալու որոշման մասին այսօր հայտնել է Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը: Կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը գոհ է բանակցություններից, որոնց արդյունքում էլ որոշել են միանալ հենց այդ «լայն կոնսոլիդացիային»:

«Ծառուկյան դաշինքի» անունն այս օրերին քննարկվում է նաեւ մեկ այլ թեմայի առիթով: Դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, իսկ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ կասկածի տակ են դնում դրա օրինականությունը: Պարզաբանում են. նրա ղեկավարած կառույցը պետք է անկախ, ապաքաղաքական լինի:

Բայց Իշխան Զաքարյանը չի պատրաստվում հեռանալ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից: Փոխարենը դիմում է գրել ու 2017 թվականի հունվարի 18-ից մինչեւ ապրիլի 5-ն իր հաշվին՝ չվճարվող արձակուրդում է լինելու:

Այսօր հայտնի դարձավ նաեւ, որ Զաքարյանի որդին ու կինը՝ նույնպես պետական պաշտոնյա, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դիմում են գրել ՀՀԿ-ին անդամությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին այսօր հայտարարել է եւս երկու կուսակցություն: Հայաստանի կոմունիստները պայքարի մեջ կմտնեն միասնական ուժով: Միասնական՝ բառի լայն իմաստով. Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմկուսը պատրաստվում են իրենց շուրջ համախմբել անհատների, հասարակական կազմակերպությունների եւ նույնիսկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (ՍՊԸ):

Բոլորովին վերջերս՝ 2016 թվականի օգոստոսին հիմնադրված «Գործարար» կուսակցությունն էլ ընտրություններին մասնակցելու է, բայց հաղթելու նպատակ չի դրել: Գիտեն, որ «դժվար է լինելու», այդ պատճառով այս տարի փորձ ձեռք կբերեն՝ հաջորդ ընտրությունների համար:

Շարունակում է քննարկումների եւ քննադատությունների առիթ դառնալ նաեւ խորհրդարական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշումը: Մի խումբ մտավորականներ, ինչպես նաեւ ՀԱԿ-ն ու «Համախմբումը» հայտարարում են, որ դա հակասահմանադրական է, քանի որ նոր Սահմանադրության համապատասխան դրույթը դեռեւս ուժի մեջ չի մտել: Բացի այդ՝ ապրիլի 2-ին լրանում է քառօրյա պատերազմի տարելիցը, սա էլ բարոյական խնդիր են համարում: Պահանջում են ընտրությունները նշանակել ապրիլի 21-30-ին, բայց երկու կուսակցություններն էլ դեռ չեն շտապում հետեւել ՀՀԿ-ի խորհրդին եւ Սահմանադրական դատարան դիմել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում է. ռուսաստանցի գործընկերն էր հրավիրել: Նախ Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի հետ, հետո նրանց են միացել նաեւ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները: Հանդիպումից կողմերը գոհ են. պաշտոնական լեզվով ասած՝ այն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում:

Մեդվեդեւն արձանագրել է. երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն էլ նպաստել է կապերի խորացմանը: Ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում, Հայաստանի արտաքին առեւտրում ՌԴ-ի մասնաբաժինը գրեթե 25 տոկոս է, բայց, ինչպես Կարեն Կարապետյանն է արձանագրել, ներուժը մեծ է: Հայկական կողմն առաջարկել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծել, որը հնարավորություն կտա ֆինանսավորել Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

Կարեն Կարապետյանը նաեւ այս տարի ավելի մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկների է սպասում Հայաստանում: Դրան կարող է նպաստել Հայաստանի կառավարության վերջին նիստում հավանության արժանացած որոշումը: Դրա համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիներին իրավունք կտրվի ներքին անձնագրերով մեր երկիր ժամանել:

Հանդիպման ավարտին Կարեն Կարապետյանը ռուսաստանցի գործընկերոջը Երեւան այցելելու հրավեր է փոխանցել։

Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել: Միջնորդների ջանքերով եւ մասնակցությամբ այս անգամ էլ Աստանայում հրավիրված բանակցություններն են փակուղի մտել: Հանդիպման ավարտին Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել, բայց սիրիական «ընդդիմությունը» ոչ միայն հրաժարվել է ստորագրել եզրափակիչ կոմյունիկեն, այլեւ դժգոհություն է հայտնել հայտարարության բովանդակության կապակցությամբ:

Դրանում ասվում է, որ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ ստեղծելու մասին, նաեւ պարտավորվում են ապահովել այդ երկրում զինված ընդդիմության եւ ահաբեկիչների տարբերակումը: Իսկ կառավարության ներկայացուցիչը դժգոհ է հակամարտության կարգավորման հարցում Անկարայի դերից. ասում է՝ Թուրքիան Սիրիային ուզում է զրկել աշխարհիկ պետության կարգավիճակից: Խնդրի շուրջ հերթական քննարկումները նախանշված են փետրվարի 8-ին, Ժնեւում:

Հանցակազմ չկա եւ չի պատժվի: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող քրեական գործով վարույթը կարճվել է: Պողոսյանի անունը կապում էին Պանամայի օֆշորային գործարքների հետ: Հրապարակումներ եղան, որ Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերություններ, ինչպես նաեւ բանկային հաշիվներ ունի: Սկանդալի պատճառով էլ հանրապետության գլխավոր հարկադիրը հրաժարական էր ներկայացրել:

Աշխատանքից ազատվել է 14 տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Ֆիլարետ Բերիկյանը: Ուշագրավ է, որ նա բազմիցս հայտնվել է աղմկահարույց սկանդալներում, բայց Հանրապետականներն ամեն անգամ, այսպես ասած, խնայել են նրան:

Բերիկյանի համար, թերեւս, ճակատագրական եղան Բյուղերավանի գիշերօթիկ դպրոցում բացահայտված չարաշահումները: Պարզվում է՝ դպրոցի տնօրենը տարիներ շարունակ յուրացրել է պետության փողերը: Դպրոցի տուժած աշխատակիցների փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է՝ հաստատության տնօրենը գործել է Բերիկյանի ուղղակի թույլտվությամբ: Նրա հաղորդման հիման վրա երկու անգամ քրեական գործ է հարուցվել, բայց հետո կարճվել է:

Արցախում վիճաբանության ժամանակ հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին վերջապես հիվանդասենյակ են տեղափոխել: Նրա վիճակն արդեն լավ է: Նա Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Նախնական տվյալներով՝ նա գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ծառայակցի կողմից:

Իսկ մեկ շաբաթ առաջ Արցախում կրտսեր սերժանտի կողմից հրազենային վիրավորում ստացած Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց արդեն դրական փոփոխություններ են նկատվում: Ժամկետային զինծառայողը Վայոց ձորի Հորբատեղ համայնքից է: Նա վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Երեւանյան լճի սառած մակերեսին երեխաներ են խաղացել ու իրարանցում առաջացրել: Լճի հարեւանությամբ բնակվող մարդիկ փրկարարներին ահազանգել են, որ Երեւանյան լիճ երեխաներ են ընկել: Դեպքի վայրում պարզվել է, սակայն, որ սառցաշերտը, բարեբախտաբար, ամուր է եղել եւ չի կոտրվել:

Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է: Հունվարի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 606 դրամ:

Հունվարի 25-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օրվա երեկոյան ժամերից եւ 26-28-ը շրջանների զգալի մասում ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետեւ էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ