News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հովիկ Աբրահամյանն այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված սպասման մեջ պահեց հասարակությանը՝ մինչ աշխատանքային օրվա վերջ չհրապարակելով ՀՀԿ-ից հեռանալու մասին խոստացած հայտարարությունը: Այնքան երկար սպասեցրեց, որ սկսեցին խոսակցություններ պտտվել, թե, գուցե, փոշմանել է: Երեկոյան ժամը 5-ին մոտ վերջապես տարածվեց նրա հայտարարությունը: Հովիկ Աբրահամյանը խոստովանեց. երկար է մտածել, իր կյանքի «կարեւոր ու դժվարին որոշումներից էր»:

«Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»,- հայտարարել է Աբրահամյանը: Հայտարարության մյուս հատվածում՝ ինչպես բոլոր հեռացողների պարագայում. շնորհակալության խոսք կուսակից ընկերներին, նախկին ու ներկա պաշտոնյաներին եւ, իհարկե, հասարակությանը: Նաեւ պատգամ իրենից հետո ՀՀԿ-ում իր տեղը զբաղեցնողին. առնվազն Հովիկ Աբրահամյանի նման հայրենասեր ու պետականամետ լինել:

Կրկին հավաստել է, որ շարունակելու է ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, բայց այդպես էլ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը. ինչո՞ւ է հեռացել Հանրապետականից, ո՞ւմ հետ է այսուհետեւ զբաղվելու քաղաքականությամբ: Իսկ մամուլը սեփական վարկածներն է առաջ քաշում: Ասում են՝ Աբրահամյանը պարզապես քավության նոխազ դարձավ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհությունը մեղմելու նպատակով պարտադրված հրաժարական ներկայացրեց: Ասում են նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն ուզում է միանալ «Ծառուկյան դաշինք»-ին, բայց նախկին վարչապետի խնամին հրաժարվում է նրան ներառել իր դաշինքի համամասնական ցուցակում. չի ուզում մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների մեջ: Փոխարենը կարող է նրա որդուն՝ իր փեսա Արգամ Աբրահամյանին իր հետ Ազգային ժողով տանել:

Հանրապետականից Աբրահամյանի հեռանալը նոր կանխատեսումներ է ծնել. ասենք, որ առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու եւ «Ծառուկյան դաշինք»-ին միանալու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր եւս: Նշվում են, մասնավորապես, Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունները: Խաչատրյանը, սակայն, պնդում է, որ Հանրապետականից հեռանալու մտադրություն չունի. «շառ են անում, ընտրություններին ՀՀԿ-ին է սատարելու»:

Ինչպե՞ս է ստուգվելու պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը եւ ո՞ւմ է դա վերաբերելու: Կրթության նախարարությունը պարզաբանել է. Հայաստանում կրթություն ստացած անձինք, եթե անգամ նրանք ռուսական դպրոց են ավարտել, լեզվի քննություն չեն հանձնի:

Խոսքն արտերկրում ոչ հայկական դպրոց հաճախածների մասին է: Հայտնի է նաեւ, թե ինչ հարցերի են պատասխանելու պատգամավորի թեկնածուները. ստիպված կլինեն ճիշտ լրացնել բաց թողնված տառերը, նշել բառի ճիշտ արտասանությունն ու բացատրությունը, օրինակ՝ իմանալ անպաճույճ բառի իմաստը կամ նշել, թե ինչպես է արտասանվում, ասենք, չարորակ բառը: Ի դեպ՝ պատգամավորի թեկնածուները նույն իրավունքները կունենան, ինչ բուհերի դիմորդները. թեստավորման արդյունքները, ցանկության դեպքում, եռօրյա ժամկետում կարող են դատարանում բողոքարկել:

Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, իսկ այդ հարաբերությունների կարեւորության մասին կարելի է երկար խոսել: Կարեն Կարապետյանի համոզմունքն է: Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետը նաեւ վստահեցրել է. Հայաստանին Սփյուռքից միայն կապիտալի հոսք ու բարեգործություն պետք չէ, նաեւ սովորելու բան ունենք:

Ուզում է, որ նման հանդիպումները հարթակ դառնան՝ կարծիքներ փոխանակելու, գաղափարներ ներկայացնելու համար: Ինքն էլ իր գլխավորած կառավարությամբ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը բոլոր հայերի համար ամենալավ երկիրը դառնա:

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության դիրքում ժամկետային զինծառայողի դի են հայտնաբերել: Շարքային Շավարշ Գալստյանի ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածք է եղել: Քրեական գործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Շավարշ Գալստյանն Աբովյան քաղաքից էր, ամռանը զորացրվելու էր: Նա ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ, հայրը մի քանի տարի առաջ է մահացել:

Մեղադրանք զինծառայողին հրազենային վնասվածք հասցնելու համար: Հունվարի 16-ին Արցախում ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանին հրազենային վնասվածք հասցրած կրտսեր սերժանտը կալանավորված է:

Գուրգեն Սարգսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Զինվորական հոսպիտալի պետը տեղեկացրել է, որ ծնոտի շրջանում ստացած վիրավորումն անհամատեղելի է կյանքի հետ: Նախնական տվյալներով՝ կրտսեր սերժանտն անզգուշությամբ է կրակել է Գուրգենի վրա, սակայն նրա համագյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում ասել են, որ զինծառայողները նախկինում տարաձայնություններ են ունեցել:

Արտակարգ պատահարներ հանրապետությունում: Երեւանում Դավիթաշենի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի են հայտնաբերել: Հարեւանները պայթյունի ձայն են լսել. տանը պայթյունի հետքեր են եղել՝ պատուհանի կոտրված ապակիներ, վնասված գույք: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը 62-ամյա Ռազմիկ Ֆարաշյանն է: Նա արցախյան ազատամարտի մասնակից է, կամավոր առաջնագիծ էր մեկնել նաեւ ապրիլյան պատերազմի օրերին:

Իսկ Արմավիրի մարզում գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Երեւան-Արմավիր ավտոճանապարհին BMW մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել թունաքիմիկատների խանութի պատին: Պատահարի հետեւանքով վարորդը՝ 25-ամյա Սահակ Համբարձումյանը, տեղում մահացել է:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է. շրջանառության մեջ 10.000 դրամանոց կեղծ թղթադրամներ են հայտնվել: Գունավոր պատճենահանման եղանակով այն տպագրել են, իսկ իրականին առավել նմանեցնելու նպատակով 1.000 դրամանոցից կտրված պաշտպանիչ ժապավենաձեւ փայլաթիթեղներ են փակցրել: Կեղծ դրամները հիմնականում իրացրել են մարզերի բենզալցակայաններում, գիշերային ուշ ժամերին եւ վատ լուսավորության պայմաններում: Հարուցված քրեական գործով արդեն մեղադրյալ կա: Դրամանենգությունից տուժածները կարող են ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն դիմել:

Երկարատեւ վերելքից հետո դոլարի փոխարժեքը փոքր-ինչ նվազել է, իսկ եվրոն շարունակում է թանկանալ: Արդյունքում հունվարի 25-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 612 դրամ:

Հունվարի 26-ին հանրապետության շրջանների մեծ մասում ձյուն է սպասվում, լեռնային շրջաններում՝ բուք: Օդի ջերմաստիճանը, սակայն, հունվարի 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ