Երեւանի կենտրոնում 12-րդ հարկից ընկած տղամարդու ինքնությունը հայտնի է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 09:30-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 04:00-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը, սակայն այդ ընթացքում սայթաքել ու ընկել է:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 40-ամյա Արկադի Մխիթարյանն է, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով:

Դեպքի վայրի և դիակի զննությամբ հայտնաբերվել են լապտեր, պտուտակահան, ձեռնոցներ:

12-րդ հարկում հայտնաբերվել է բնակարանի պատուհանից հանված ցանցը: Ոստիկանության քրեագետները դեպքի վայրը ենթարկել են մանրակրկիտ մշակման: Նշանակվել են փորձաքննություններ:

Տանտիրոջից հաղորդում է ընդունվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կատարվածի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ: