News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ընտրությունների օրը կարող է փոխվել։ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասել է՝ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ խորհրդի նիստին։ Հիշեցնենք, որ ընդդիմադիրները պահանջում էին փոխել խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2–ին նշանակելու որոշումը՝ պատճառաբանելով, որ այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի տարելիցը։ Այնուամենայնիվ, Շարմազանովը հստակ չի ասել՝ կփոխվի ընտրության օրը, թե ոչ, միայն ասել է, որ իրենք պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել այդ հարցը: Այսօր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրվել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ: 

Շարմազանովի խոսքով՝ նախագահն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, թե Ծառուկյան դաշինքը հանրապետական կուսակցությանը պրոյեկտն է։ Սերժ Սարգսյանը հերքել է այս խոսակցությունները՝ նման բան չկա։  

Անդրադառնալով ՀՀԿ–ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուն՝ Շարմազանովն ասել է՝ դա իր ընտրությունն է։

Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո ազատման դիմում է գրել նրա եղբորորդին: Արսեն Աբրահամյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետի պաշտոնից:

Ինչ կփոխվի ՀՀԿ–ում Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո։ NEWS.am–ի նկարահանող խումբն այսօր հարցում է անցկացրել Երեւանում՝ քաղաքացիների կարծիքը պարզելու նպատակով։

Հանրապետականի շարքերը շուտով հնարավոր է լքի նաեւ կուսակցության ամենաէպատաժային կերպարներից մեկը՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա այդ հնարավորությունը չի բացառել՝ հիշեցնելով, որ ինքը ՀՀԿ-ից հիասթափված է:

Կուսակցության շարքերը ոչ միայն լքում են, այլեւ համալրում. մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարել է, որ մտադիր է անդամակցել Հանրապետական կուսակցությանը: Ուզում է քաղաքական պատասխանատվություն ստանձնել իր զբաղեցրած պաշտոնի համար:

Տեսախցիկների հարցը լուծվել է: Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները համաձայնության են եկել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում տեսախցիկներ կտեղադրվեն միայն 1500 ընտրատեղամասերում, իսկ մյուս 500-ում տեսահսկողություն չի լինի, քանի որ առաջարկած գումարը քիչ է, ինտերնետ կապ այդ համայնքներում ապահովել հնարավոր չէ: Քանի որ Եվրամիության տրամադրած գումարները քիչ են, յուրաքանչյուր տեղամասում կտեղադրվի ոչ թե 2, այլ 1-ական տեսախցիկ: Ընդ որում, Եվրամիությունը մեծացրել է հատկացված բյուջեն, մոտ 300 հազար եվրո էլ տրամադրելու է Հայաստանի Կառավարությունը:

Կարեն Կարապետյանը կարծես թե ոգեւորված է իր ռուսաստանյան վերջին այցից: Կառավարության այսօրվա նիստի ավանդական հանձնարարականների մեծ մասը վերաբերվում էր Ռուսաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում ամրապնդելուն: Վարչապետը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարեց ակտիվ աշխատել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչելու համար. խոսքը առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային ֆոնդ ստեղծելու մասին է:

Մյուս հանձնարարականը նույնպես Ռուսաստանի վերաբերյալ էր, զբոսաշրջության ոլորտին առնչվող բոլոր մարմիններին վարչապետը հանձնարարեց Ռուսաստանի քաղաքացիների համար զբոսաշրջային լայն փաթեթ ապահովել: Նախապես մտածել էին, որ կատարված աշխատանքների մասին մարմինները պետք է հաշվետվություն ներկայացնեն մինչեւ մարտի 15-ը, բայց վարչապետը անհամբեր է։

Ընդհանրապես, Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերի մասով այսօր վարչապետն ընդգծված շտապում էր: Գյուղնախարարից հետաքրքրվեց՝ երբ են ռուսական գյուղտեխնիկա արտադրողների հետ հանդիպելու եւ հանձնարարեց՝ «շատ ինտենսիվ, կպած անում ենք»:

Ռուսական համագործակցության կոնտեքստում տրանսպորտի նախարարի համար էլ շտապ անելիք կա. ռուսական եւ վրացական կողմերի հետ քննարկել բեռնափոխադրումների հնարավոր նոր ճանապարհ ստեղծելը, որը այլընտրանք կլինի ամեն ձմեռ փակվող Վերին Լարսին: Վահան Մարտիրոսյանի ժամանակը նույնպես սուղ է։

Արդեն կառավարության նիստից հետո տրանսպորտի նախարարը մի փոքր բացեց փակագծերը. այլընտրանքային ճանապարհ փնտրում են ոչ միայն Հարավային Օսիայում, այստեղ խնդիրը բարդացնում են Ռուսաստանի եւ Վրաստանի բարդ հարաբերությունները, դրա համար էլ քննարկում են բոլոր տարբերակները:

Հայաստան օտարերկրյա ներդրումներ բերելու կառավարության ձգտումն այս պահին կարծես թե սահմանափակվում է ռուսական կապիտալով: Լրագրողները տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվել են՝ եթե այդքան խոսում եք ներդրումներից, ինչու՞ Հայաստանից այս տարի ոչ ոք չգնաց Դավոս. մինչդեռ համաշխարհային խոշորագույն բիզնես ֆորումին Վրաստանն ու Ադրբեջանը մասնակցում էին վարչապետի եւ նախագահի մակարդակով: Հայաստանը գոնե կարող էր ներդրումներ գտնել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման համար, որն արդեն երկար տարիներ չեն կարողանում կյանքի կոչել: Տնտեսական զարգացման նախարարը բացատրել է՝ ժամանակ չունեին։

Տարածաշրջանային մրցակցությանը չեն դիմանում նաեւ Հայաստանից ավիափոխադրումները: Չնայած դրան Քաղավիացիայի վարչության պետը շարունակում է  պնդել, որ «Զվարթնոցի» գները մրցունակ են, երբեմն ավելի էժան, քան մյուսներինը: Այդ դեպքում ինչո՞ւ են Հայաստանի քաղաքացիները շարունակում Վրաստանից թռչել եվրոպական երկրներ: Սերգեյ Ավետիսյանը բացատրել է՝ «մեղավորը» թուրքական ավիաընկերություններն են, որոնք էժան չվերթներ են առաջարկում Վրաստանին, իսկ Հայաստանի հետ չեն աշխատում:

Փոխարենը ակտիվ աշխատում են դեպի Ռուսաստան չվերթները ավելացնելու եւ էժանացնելու ուղղությամբ. «Սուպեր ջեթի» հետ մտադիր են համատեղ ընկերություն ստեղծել, իսկ բյուջետային  «Պոբեդա» ընկերությունն արդեն մոտ ապագայում կավելացնի Գյումրիից չվերթները:

Նախօրեին տեղացած առատ ձյունը կրկին կաթվածահար արեց մայրաքաղաքի երթեւեկությունն ու մարզային ճանապարհները: Չնայած փակ ճանապարհների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, տրանսպորտի նախարարը վստահեցնում է, որ բոլոր ճանապարհները ժամանակին մաքրվել են. ոչ թե անձամբ է տեսել, այլ հետեւել է իր աշխատասենյակում նստած՝ համակարգչի միջոցով:

Մինչ երեւանցիները մտածում էին՝ ինչպես են տուն հասնելու ձնածածկ ճանապարհներով, էքստրիմի սիրահար երիտասարդները պահը բաց չեն թողել եւ Երեւանի փողոցներում գիշերը դահուկ են քշել. վտանգավոր հաճույքի պահերը նկարահանել են եւ տարածել համացանցում:

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտնվել է ռուսական անշարժ գույքի թագավորների ցուցակում: «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է  ռուսաստանցի այն գործարարների ցանկը, որոնք ամենաշատ եկամուտն են ստանում իրենց անշարժ գույքի վարձակալությունից: Սամվել Կարապետյանն այդ ցանկում երրորդն է, նրա ընդհանուր եկամուտը կազմում է 670 միլիոն դոլար:

Իսկ ամերիկացի մեծահարուստները պատրաստվում են աշխարհի վերջին: Նրանք վախենում են, որ աղքատ բնակչությունը ոտքի կկանգնի եւ ապստամբություն կսկսի հարուստների դեմ: Reddit կայքի գործադիր տնօրեն Ստիվ Հոֆմանը, օրինակ, խոստովանել է, որ զենքի եւ սննդի լուրջ պաշար է հավաքել, որպեսզի կարողանա մի քանի օր գոյատեւել իր տանը, իսկ ավտոտնակում մի քանի մոտոցիկլ կա, քանի որ հայտնի է՝ աշխարհի վերջի դեպքում բոլոր ճանապարհները խցնաված են լինում: Ի դեպ, օրերս գիտնականները հերթական անգամ աշխարհի վերջն էին կանխատեսել. նրանց հաշվարկով այս տարվա հոկտեմբերին Երկիր մոլորակին է բախվելու Նիբիրու մոլորակը:  ՆԱՍՍԱ-ն այս կանխատեսումը հերքել է:

Երեւանի կենտրոնում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վաղ առավոտյան բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է՝ նա ընկել է 12-րդ հարկից, ենթադրաբար գողության փորձ կատարելիս:

Դոլարի վերելքը վերսկսվել է։ Հունվարի 26-ին այն կազմել է 486 դրամ։ Եվրոն եւ ռուբլին էժանացել են։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 521, ռուսական ռուբլունը՝ 8.12, ֆունտինը՝ 614 դրամ։

Հանրապետության տարածքում հունվարի 27-ին շրջանների զգալի մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ