ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 26-ին, տեղի ունեցած ՀԿ խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը:
«Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը զավեշտալի էր համարել այն խոսակցությունները, թե Հանրապետական կուսակցություւնից արտահոսք կա: «Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, եւ որեւէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»:
Դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 25-ին, Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից:




























