News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախընտրական գործընթացների մեկնարկից ի վեր առաջին անգամ Սերժ Սարգսյանը խոսել է եւ անդրադարձել ներքաղաքական ամենասուր հարցադրումներին: Նախընտրական դաշինքների ձեւավորումը նախագահի սրտով է, հենց դրան էր ձգտում, երբ նախաձեռնում էր Սահմանադրական բարեփոխումներ եւ խոսում կուսակցությունների խոշորացումից: Ձեւավորվող բոլոր դաշինքների եւ ուժերի հետ ՀՀԿ-ն պատրաստ է նստել մի սեղանի շուրջ` քննարկելու այսօր հասարակությանը հուզող ամենազգայուն խնդիրներից մեկը` արժե արդյոք տեղափոխել ընտրությունների օրը` հաշվի առնելով, որ ապրիլի 2-ը քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի օրն է: Սերժ Սարգսյանը ասել է` ինքը դեմ չէ 4-5 օրով հետաձգելու ընտրությունները: Գագիկ Ծառուկյանի մասին. Սերժ Սարգսյանը վստահեցրել է` նրա վերադարձն իր սրտով չի եղել: Նեղացողների մասին. Սերժ Սարգսյանն ասել է` Հանրապետականներից ով որտեղ կաշխատի, որոշում են` կախված իրենց ծրագրերից եւ մարտահրավերներից, պատգամավորի թեկնածու առաջադրելիս կամ պաշտոնների նշանակելիս` հաշվի են առնում ոչ թե անձերի հավակնությունները, այլ նրանց ունակությունները: ՀՀԿ-ից հեռացողների մասին. Սերժ Սարգսյանն ասել է` մեկ-երկու մարդու գնալն արտահոսք չէ, անհեթեթ խոսակցություններ են: Այնուամենայնիվ, նախագահը հեռացողների մասին խոսել է, համեմատել է նրանց մայր գետից պոկվող, հետո չորացող առվակների հետ:

Չնայած Սերժ Սարգսյանը առվակների մասին խոսելիս անուններ չէր տվել, Հովիկ Աբրահամյանը հասկացել է, որ խոսքն առաջին հերթին իր մասին է: Այսօր նա իր ֆեյսբուքյան էջում նախագահի փոխաբերությանը պատասխանել է սեփական փոխաբերությամբ, որում ակնարկել է, որ իր էջը փակված համարելու համար դեռ շուտ է։ «Գետերի եւ առվակների փոխաբերությունը լավն էր: Ինքս էլ հավանել եմ: Չմոռանանք նաեւ, որ մայր գետերը ոչ այլ ինչ են, քան ինքնամոռաց առվակների միավորում: Բայց ինչ-որ պահից գետ լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերը կմխտռեն ողջ մայր հունը, անպիտան կդառնա ամբողջը: Միգուցե մինչ այդ պոկված՝ դեռ սեփական հողի հոտը կրող առվակները, մինչեւ ոչնչանալը, հասցնե՞ն գոնե մեկ-երկու բնակավայրի կյանք պարգեւել»,- գրել է նախկին վարչապետը:

Հովիկ Աբրահամյանին արձագանքելու գործը ստանձնել է Էդուարդ Շարմազանովը: Նա նախկին կուսակցին խորհուրդ է տվել` չարժե նախագահի հետ ակնարկներով խոսել, դա հենց Հովիկ Աբրահամյանի շահերից է բխում: «Կարդացի պարոն Աբրահամյանի գրառումը, լավը չէր, չհավանեցի, շատ էր արհեստական: Հատկապես առվակների ինքնազոհությունը հանուն մի երկու բնակավայրերի փրկության` «սպանիչ» էր: Հաստատ գիտեք, որ առվակներից բացի բնության մեջ  կան  նաեւ ստորգետնյա ջրեր, արտեզյան հորեր, որոնք  դժվար թե նպաստեն այդ մի քանի բնակավայրերի փրկությանը: Եվ վերջում պարոն Աբրահամյանին մի բարեկամական հորդոր. չեմ կարծում, որ ՀՀԿ նախագահի հետ ակնարկներով խոսելը շահեկան է»,- ասել է Շարմազանովը:

Արդյոք սա նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանը դառնում է ընդդիմություն եւ այս խորհրդարանական ընտրություններին ականատես կլինենք նախկին եւ ներկա ՀՀԿ-ականների դիմակայության, ցույց կտա ժամանակը: Այս պահին խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ Օսկանյան- Օհանյան դաշինքին կամ իր խնամի Գագիկ Ծառուկյանին: Արդեն երկար ժամանակ է` ասում են` Ծառուկյանը դեմ է, որ ժամանակին իր մասին հրապարակային կոշտ հայտարարություններ արած խնամին իր դաշինքին: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, նա չի բացառում համագործակցությունը ցանկացած ուժի կամ անձի հետ, այդ թվում Հովիկ Աբրահամյանի:

Եթե ոչ լայն արտահոսք, ապա գոնե մի քանի կարկառուն Հանրապետականներ այնուամենայնիվ կլքեն կուսակցությունը: Իսկ առաջին թեկնածուն Մհեր Սեդրակյանն է` «Թոխմախի Մհերը»: Նա էլ Հովիկ Աբրահամյանի նման մինչեւ հիմա համարվում էր Հանրապետականների օգտին գլխավոր ձայն բերողներից մեկը: Տեղեկություններ կան, որ արդեն առաջիկա ժամերին նա կհայտարարի կուսակցությունից հեռանալու մասին: Ի դեպ, նրա մերձավոր պաշտոնյաներն արդեն հավաքում են ճամպրուկները. այսօր Մհեր Սեդրակյանի փեսան` Արմեն Հարությունյանը, ազատվել է Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնից:

Դժբախտ պատահար է տեղի ունեցել հայկական բանակում: Զորամասի շարահրապարակում ժամկետային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, մեկ ժամ անց նա մահացել է զորամասի բուժկետում: 18-ամյա Սարգիս Ափինյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 10 օր առաջ, նա Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր, ընտանիքի կրտսեր զավակը: Նախնական տվյալով, նա մահացել է սուր սրտային անբավարարությունից, ունեցել է թոքային այտուց: Քննությունը կպարզի` ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը, արդյոք երիտասարդը բանակ է զորակոչվել առողջական խնդիրներով:

Վերջին 3 օրում սա երկրորդ դեպքն է, որ հայկական բանակում զինծառայող է մահանում խաղաղ պայմաններում: 19-ամյա Շավարշ Գալստյանին, որին նախնական վարկածով ինքնասպանության էին հասցրել, հուղարկավորեցին այսօր: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է` հետեւողական է լինելու բոլոր միջադեպերի հարցում, միաժամանակ շարունակում են մեծացնել բանակի մարտունակությունը, դրա կարեւոր բաղադրիչը ռուսական 200 միլիոն վարկով մատակարարվող սպառազինություններն են: Վիգեն Սարգսյանը վստահեցրել է` մատակարարումները կատարվում են գրաֆիկին համապատասխան` գաղտնիությունից ելնելով չմանրամասներով կոնկրետ, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը: Մինչ այդ բարձրացնում են զինվորի հանդերձանքի որակը: Կոշիկների մասով արդեն լուրջ հաջողության են հասել՝ բնական կաշվի մասն ավելացրել են։ Բայց հայկական որակյալ կոշիկները կարող են ոչ միայն ծառայել հայ զինվորին, այլեւ միջազգային շուկաներ նվաճել: Վիգեն Սարգսյանը մտադիր է միջազգային բրենդ դարձնել դրանք:Բանակի խնդիրները զբաղեցնում են պաշտպանության նախարարի ամբողջ ժամանակը, այս առիթով Վիգեն Սարգսյանը կատակել է՝ միայն վարսավիրանոց է հասցնում գնալ։ Այնուամենայնիվ, քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ նախարարը կգտնի:

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի է ունեցել մեծ աղմուկ հանած «Կյանք ու կռիվ» ֆիլմի 2-րդ մասի պրեմիերան: Ֆիլմը պատմում է հերոսների մասին 25 տարի անց, երբ նրանց կյանքը կրկին բեկվում է այս անգամ ապրիլյան պատերազմի պատճառով: Ֆիլմը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին, պրեմիերային ներկա էին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հայ կնոջ եւ նրա սեւամորթ ամուսնու ընտանեկան լուսանկարի շուրջ մեծ աղմուկը հասել է նաեւ Եվրամիության դեսպանին: Կրթության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը Պյոտր Սվիտալսկին մտահոգություն է հայտնել, որ լուսանկարի վերաբերյալ ռասիստական մեկնաբանություններից մեկը ֆեյսբուքում գրել է դպրոցի ուսուցիչը: Նախարարը տեղեկացրել է, որ այդ ուսուցչի մանկավարժական գործունեությունն ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում նրան կարգապահական տույժի ենթարկելու համար քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ:

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն: Մինչեւ հունվարի 31-ն օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը ձյուն է տեղալու: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7, իսկ վաղը ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:

Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են: Հունվարի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը` 520, ռուբլունը` 8.10 դրամ, իսկ ֆունտինը` 610 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ