News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետը որոշել է կարգի բերել պետական գույքի կառավարման ոլորտը: Այս նպատակով Կարեն Կարապետյանը մասնավորեցման նոր ծրագիր է սկսել, պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է որոշել, թե որ գույքն ավելի ճիշտ կլինի մասնավորեցնելը, որը` թողնել պետությանը, եւ հետեւել, որ առավել արդյունավետ կառավարվի: Խորհրդակցության ժամանակ վարչապետն Արման Սահակյանին հանձնարարել է չխնայել պետական ապաշնորհ կառավարիչներին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կողմնորոշվել է. Հանրապետական կուսակցությունից հիասթափությունը կփարատի «Բարգավաճ Հայաստանում»: Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան դաշինքի» կազմում է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին` փորձելով ռեյտինգային ընտրակարգով Գյումրիից ձայներ ապահովել Ծառուկյանի համար: NEWS.am-ի հետ զրույցում նախկին քաղաքապետը հիշեցրեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում գրել է դեռ 5 տարի առաջ, իսկ ԲՀԿ-ին միանալու որոշումը բացատրեց իր եւ Գագիկ Ծառուկյանի նմանությամբ:

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Ծնվելուց 3 օր անց մահացել է ծնողների առաջնեկը: Երեխայի մահվան մեջ հարազատները մեղադրում են ծնունդն ընդունած մանկաբարձ- գինեկոլոգ Նշան Գեւորգյանին: Նա հրաժարվել է կեսարյան հատում անել, չնայած համապատասխան բժշկական ցուցում է եղել: Արմավիրի հիվանդանոցում երեխային խնամած մանկաբույժը նույնպես ընդունում է, որ բժշկական սխալ եղել է. կեսարյան անելու փոխարեն երեխային աքցանով են դուրս բերել: Մանկաբույժի խոսքով` երեխան թեեւ ծնվել է բարդություններով, վիճակը գնալով լավացել է: Երկրորդ օրվա վերջին, երբ երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Արմավիրի հիվանդանոցի մանկաբույժը, սակայն, համաձայն չէ երեւանյան հիվանդանոցի տված նախնական ախտորոշման հետ, ըստ որի, աղջկա մահվան պատճառն այն է, որ երկու օր կերակրվել է, չնայած ծննդաբերության ժամանակ կուլ տված պտղաջուրը դեռ չէր մաքրվել: Բժշկուհին մեզ հետ զրույցում պնդեց, որ մինչեւ երեխային կերակրելը պտղաջուրն ամբողջությամբ նրա օրգանիզմից դուրս են բերել: Ի դեպ, ծնունդն ընդունած մանկաբարձի մասնագիտական պատմության սա առաջին մահը չէ: Նշան Գեւորգյանը նախկինում դատապարտված է եղել 3 հիվանդի մահվան համար եւ համաներմամբ ազատ արձակվել: Պարզ չէ, թե ինչու են նրան այդքանից հետո թույլ տվել շարունակել աշխատել հիվանդանոցում:

Գարեգին Բ կաթողիկոսի դատախազ եղբորորդին կարող է պատժվել դատարանում իր անզուսպ պահվածքի համար: Դատական գործերից մեկի նիստի ժամանակ Կորյուն Ներսիսյանը վիրավորել էր փաստաբանին, խոսափողը նետել նրա վրա, ապա հրավիրել դուրս` հարցեր պարզելու: Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, վարույթից հեռացրել է դատախազին: Ավելի ուշ, գլխավոր դատախազությունը նրա  նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել:

 Ահաբեկչությունը հասել է Կանադա, որը մինչեւ հիմա համարվում էր աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը: Կիրակի գիշերը Քվեբեկի մզկիթներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել երեկոյան աղոթքի հավաքված մուսուլմանների վրա, ինչի հետեւանքով 6 մարդ մահացել է, 8 մարդ՝ վիրավորվել: Հարձակվողները բացականչել են «Ալլահ Աքբար» եւ կրակ բացել: Կրակողներից մեկին ձերբակալել են հենց մզկիթում, մյուսին՝ մոտակայքում: Կանադայի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակել, գործողության համար որեւէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մեկը մյուսի հետեւից իրականացնել իր նախընտրական քարոզարշավի ամենասկանդալային խոստումները: Նա ստորագրել է հրաման, որով 4 ամսով արգելվում է փախստականների ներգաղթը մուսուլմանական մի շարք երկրներից, այդ թվում՝ Սիրիայից: 4 ամիսը լրանալուց հետո այդ երկրներից ներգաղթյալների ընդունելիս` նախապատվությունը տրվելու է քրիստոնյաներին: Այս քայլը Թրամփը բացատրում է ահաբեկչության դեմ պայքարով։ ախագահի որոշումը բողոքի նոր ալիք է բարձրացրել: Նրա դեմ ելույթներով են հանդես գալիս շոու բիզնեսի հայտնի աստղերը, Մադրիդի քաղաքապետը Թրամփին համեմատել է Հիտլերի հետ: Այս որոշման հետեւանքների հետ կապված մտահոգություններ են հայտնել ամերիկյան խորոշագույն կորպորացիաների, այդ թվում Google-ի, Facebook-ի, Tesla-ի թոփ մենեջերները: Ի նշան մուսուլմանների հետ համերաշխության` Starbucks սրճարանների ցանցը հայտարարել է, որ աշխատանքի է ընդունելու 10 հազար մուսուլմանների:

Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ փայլել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Ուիգանի» հետ խաղում Մխիթարյանը 74-րդ րոպեին կարողացել է կազմակերպել կայծակնային գրոհ, ճեղքել պաշտպանությունը ու գրավել մրցակցի դարպասը: 4:0 խոշոր հաշվով «Յունայթեդը» նվաճել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր:

Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող, հայկական արմատներով Եվգենյա Մեդվեդեւան համաշխարհային ռեկորդ է սահմանել եւ դարձել Եվրոպայի չեմպիոն: Եվգենյայի մայրը ռուս է, հայրը հայ` Արման Բաբասյան: 17-ամյա աղջիկը, սակայն, ծնողների ամուսնալուծությունից հետո, մոր ազգանունն է կրում: Հայաստանը կանանց մենասահքում ներկայացրել է Անաստասիա Գալուստյանը, որը գրավել է 12-րդ տեղը: Մյուս մրցաձեւերում Հայաստանի արդյունքներն ավելի վատն են եղել:

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ: Հունվարի 30-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486, եվրոյինը` 520 դրամ, ֆունտինը` 609 դրամ: Ռուսական ռուբլին աճել է` կազմելով 8,11 դրամ:

Հունվարի 31-ի կեսօրից Հանրապետության տարածքին մոտենում  է հերթական ցիկլոնը: Հանրապետության բոլոր մարզերում ձյուն կտեղա, որը կշարունակվի մինչեւ փետրվարի 1-ի երեկո: Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում են սառնամանիքներ, մայրաքաղաքում` մինչեւ -25 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ