Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այս մասին հունվարի 31-ին՝ 2016-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Բազմիցս ասվել է, որ այն ներկայացված է որպես մեկ ամբողջականություն: Այսինքն՝ սկզբունքները մեկ ամբողջականություն են, փաթեթ: Սակայն փաթեթը ենթադրում է փուլային լուծում»,- նժշեց Էդվարդ Նալբանդյանը:
Պատասխանելով կարգավորման հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին՝ նախարարը նշեց, որ Ռուսաստանը, ինչպես ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, մեծ դեր ունի: «Երեք համանախագահ երկրները միասին են աշխատում: Ոչ թե համախագահներին է պետք մեղադրել, այլ Բաքվին: Բաքվի կողմից կառուցողական մոտեցման բացակայությունը խոչընդոտում է գործընթացի առաջընթացին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ Ադրբեջանը միայն 3 սկզբունք է տեսնում, իսկ միաժամանակ շարունակում է ուժի կիրառմամբ սպառնալ:
Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, այն դեպքում, եթե Ադրբեջանը համառի եւ Վիեննայի համաձայնությունները չկատարի, նախարարը հիշեցրեց, որ համանման իրավիճակ առաջին անգամ չի առաջանում: Նա, միեւնույն ժամանակ, ընդգծեց, որ բանակցություններն այլընտրանք չունեն: «Հայաստանը եւ համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել այնպիսի տարբերակ ձեռք բերելու համար, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը»,- հայտարարեց նախարարը: