News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ֆեյսբուքում երեկվանից մեծ աղմուկ էր բարձրացրել Սերժ Սարգսյանի անունով բացված էջը: Նախագահի մամուլի քարտուղարը այսօր ասել է՝ կեղծ էջ է եղել, բացվելուց մի քանի ժամ անց իրենք դիմել են «Ֆեյսբուքի» գրասենյակ, որը փակել է ֆեյք էջը: Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա ֆեյսբուքյան էջ ունենալու անհրաժեշտություն չի ունեցել եւ առաջիկայում էլ, ըստ խոսնակի, հազիվ թե նման ցանկություն ունենա:

Հովիկ Աբրահամյանի յուրայինները շարունակում են լքել Հանրապետական կուսակցությունը: Այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել միանգամից 13 հանրապետական՝ Արարատի մարզից: Նրանց թվում են Հովիկ Աբրահամյանի եղբայրը եւ վերջերս պաշտոնից հեռացած՝ Արարատի մարզպետը։ Հովիկ Աբրահամյանի ազգական, պատգամավոր Կարինե Պողոսյանը նույնպես կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, թեեւ ընդամենը մեկ շաբաթ առաջ տեսախցիկների առջեւ վստահեցնում էր, որ նման մտադրություն չունի:

«Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին տասնյակը գրեթե պատրաստ է: NEWS.am-ի տեղեկություններով, երկրորդ հորիզոնականում գործարար Խաչատուր Սուքիասյանն է, երրորդում` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Խնդիր է առաջացել պատգամավորների կին թեկնածուների հարցում: Խնդիրն այն է, որ ըստ Ընտրական օրենսգրքի, ցուցակի յուրաքանչյուր հնգյակում առնվազն մեկ կին թեկնածու պետք է լինի: Ասում են` առաջինի հարցում Ծառուկյանը վաղուց կողմնորոշվել է. Նաիրա Զոհրաբյանը 4-րդ հորիզոնականում է, իսկ ահա երկրորդ կին թեկնածուի շուրջ անհամաձայնություն կար: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ամենայն հավանականությամբ, երկրորդ հնգյակում կլինի Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Թեեւ առաջադրումները սկսվելու են փետրվարի 6-ից, բայց արդեն ակնհայտ է, որ ընտրական տարածքներում թեժ պայքար է ծավալվելու տարածքային ցուցակներով առաջադրվող թեկնածուների միջեւ: Ինչպես միշտ, Շիրակի մարզը դիտարժան մրցապայքար է խոստանում: Իրար դեմ են դուրս գալու վաղեմի հակառակորդներ Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը, առաջինն առաջադրվելու է ԲՀԿ-ի, երկրորդը` ՀՀԿ-ի տարածքային ցուցակով: Սա արդեն նշանակում է, որ Գյումրիում ընտրությունները խաղաղ չեն անցնի: Նախորդ ընտրությունների ժամանակ այս երկուսի մրցապայքարն ուղեկցվեց արյունալի միջադեպով:

Ոչ պակաս թեժ է լինելու նաեւ մայրաքաղաքի ընտրական տարածքներում, որտեղ նույն քաղաքական ուժի տարածքային ցուցակով առաջադրվող թեկնածուները մրցելու են միմյանց հետ մյուսներից ավելի շատ ձայն բերելու եւ մանդատ ստանալու համար:

Մինչ մյուս ընտրական տարածքներում դեռ հստակեցվում է թեկնածուների ցանկը, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն արդեն գործի է անցել Քանաքեռ- Զեյթունում: Ըստ մամուլի տեղեկությունների` թաղապետարանի աշխատակիցներին արդեն սպառնում են, որ նրան ձայն չտալու դեպքում կհեռացնեն աշխատանքից: Ի դեպ, այսօր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ը տարածել է հայտարարություն, որում անթույլատրելի է անվանել Միհրան Պողոսյանի նկատմամբ օֆշորային սկանդալի հետ կապված գործը կարճելը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ելույթ է ունեցել Հայ-ամերիկյան առեւտրային պալատում եւ անդրադարձել 2016-ին Հայաստանի համար կարեւորագույն մի քանի իրադարձությունների: Խոսելով ապրիլյան պատերազմի մասին, դեսպանը ասել է, որ պատերազմից հետո ի հայտ եկած հանրային տրամադրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կոռուպցիան սպառնալիք կարող է լինել Հայաստանի ազգային անվտանգության համար: Եթե Հայաստանի կառավարությունը կոռուպցիան արմատախիլ անելու քայլեր չձեռնարկի, իրական փոփոխություն Հայաստանում չի լինի: Դեսպան Միլսն անդրարդարձել է նաեւ «Սասնա ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը: Նրա կարծիքով, իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել այդ օրերին անզեն ցուցարարների եւ լրագրողների հանդեպ անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների հանդեպ:

Փետրվարի 1-ից Հայաստանի բնակիչների համար էլեկտրաէներգիան էժանանում է: Տարբերությունը մեծ չէ, ընդամենը 1.22 դրամ: Այսպիսով՝ բնակիչների համար ցերեկային սակագինը կլինի 44.98 դրամ, գիշերային՝ 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանվել է ցերեկը՝ 40, իսկ գիշերը 30 դրամ սակագին:

Ապրիլյան պատերազմը կոռուպցիոն նոր ռիսկեր է առաջացրել։ Բանն այն է, որ մի շարք զինծառայողներ բողոքում են, որ իրենց զինծառայության գրքույկներից հեռացրել են ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին նշումը: Արցախի պաշտպանության բանակը դա բացատրում է զորամասերի աշխատակիցների անփութությամբ: Մինչդեռ զինծառայողները կարծում են, որ սա դիտավորյալ է արվում, որպեսզի իրենք չկարողանան օգտվել ռազմական գործողություններին մասնակցածների արտոնություններից: Նշենք, որ վիճահարույց գրքույկներում պատերազմին մասնակցության մասին նշումը ջնջված է սպիտակ ներկով:

Չնայած տրանսպորտի նախարարն ամեն առիթով վստահեցնում է, որ Հայաստանում մարզային բոլոր ճանապարհները ժամանակին մաքրվում են ձնից, քաղաքացիները շարունակում են տուժել փակ ճանապարհների պատճառով: Նախարարության «լավ» աշխատանքի հերթական զոհը լոռեցի 13-ամյա Արտյուշ Գրիգորյանն է. նա այսօր դպրոցում ընկել է, կոտրել ձեռքը: Ծնողները փորձել են նրան շտապ հասցնել Սպիտակի հյուրանոց, սակայն, ճանապարհի անանցանելիության պատճառով մեքենան հայտնվել է խցանման մեջ եւ 13-ամյա տղան ստիպված է եղել մի քանի ժամ անտանելի ցավերով սպասել մինչեւ փրկարարները կբացեին ճանապարհը: Ավելի ուշ պարզվել է, որ օգնությունը ուշացել է այն պատճառով, որ ձնամաքրման մեքենան փչացած է եղել:

Երեւանի քաղաքապետարանը ձնամաքրման աշխատանքներում իր թերացումը կոմպենսացնելու հնարամիտ տարբերակ է գտել: Քանի դեռ ի վիճակի չեն ձյունն ամբողջությամբ մաքրել փողոցներից, կարմիր գծերի տուրքը չվճարող վարորդներին չեն տուգանի, քանի որ ձնածածկ փողոցներում կարմիր գծերը վարորդների համար անտեսանելի են: Այս քայլով քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ քաղաքացիների բանակից գոնե կբացառեն դժգոհող վարորդներին:

Շրջանառությունից հանվել է «Անտիգրիպին» դեղը: Խոսքը միայն երիցուկի համով դեղափոշու մասին է: Այս կապակցությամբ առողջապահության նախարարությունն այս դեղամիջոցը ներմուծող ընկերությանը պարտավորեցրել է Հայաստանի բոլոր դեղատներից դուրս բերել այս դեղի խմբաքանակը:

2016թ.-ին Հայաստանում ծնելիությունը նվազել է մոտ 3 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` մեր երկրում անցած տարի ծնվել է 40 հազար 638 երեխա, յուրաքանչյուր 112 տղայի դիմաց 100 աղջիկ: Նորածիններին տրվող անուններից առաջատար են տղաների համար Դավիթը, Նարեկը եւ Ալեքսը, աղջիկների համար` Մարիան, Նորեն եւ Մանեն: Ծնելիության ամենացածր ցուցանիշը Սյունիքի եւ Տավուշի մարզերում է: Մահացության ամենաբարձր աստիճանը Լոռու մարզում է: Ամուսնալուծությունների թիվը ամուսնությունների թվի հետ համեմատ ավելացել է: 2015թ.-ի համեմատ Հայաստանի բանկչության թիվը կրճատվել է 12 հազար 100-ով:

Երեւանում տղամարդն օրը ցերեկով առանց դժվարության, չլինելով նույնիսկ զինված, հափշտակել է դեղատան գումարը: Տեսախցիկը ֆիքսել է ինչպես է գլխարկով տղամարդն հանգիստ մոտենում վաճառասեղանի հետեւում կանգնած աշխատակցին, մի կողմ հրում նրան, վերցնում դրամարկղը եւ հանգիստ հեռանում: Վաճառաողուհին փորձում է թեթեւ դիմադրություն ցույց տալ, սակայն, ապարդյուն: Քննչական կոմիտեն խնդրել է տեսանյութում պատկերված տղամարդուն ճանաչողներին հայտնել իրավապահներին:

 «Կարմիր խնձորի» հին հայկական ավանդույթը հաջողություն է բերել հայ եւ վրացի երիտասարդ ստեղծագործողներին: Վրացի ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեն եւ սցենարիստ Օֆելյա Հարությունյանը համատեղ Հայաստանում նկարահանել են կարճամետրաժ ֆիլմ «Կարմիր խնձորներ» անունով: Այն պատմում է նորաստեղծ ընտանիքի դրամայի մասին, որտեղ ամուսնական առաջին գիշերից հետո սկանդալ է բռնկվում հարսի, փեսայի եւ սկեսրայրի միջեւ: Ֆիլմը մտել է Ֆրանսիայի հեղինակավոր Կլերմոն- Ֆերանեում անցկացվող կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնի մրցութային ծրագիր:

Դոլարը մի փոքր էժանացել է, եվրոն եւ ֆունտը՝ կտրուկ թանկացել: Փետրվարի 1-ին դոլարի փոխարժեքը կազմել է 485, եվրոյաինը՝ 524, ֆունտինը՝ 612 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան նվազել է՝ կազմելով 8.06 դրամ:

 Փետրվարի 2-3-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով, իսկ 5-6-ը՝ կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում վաղը սպասվումէ  առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ -15, ցածրադիր գոտիներում՝ մինչեւ -20, ցերեկը՝ մինչեւ - 6 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ