News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեի իրավունքների պահպանման հարցը կլինի ԼՂՀ օմբուդսմենի ուշադրության կենտրոնում։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ռուբեն Մելիքյանն այցելել է ձերբակալված Է. Հուսեյնզադեին։

«Ձերբակալվածի իրավունքների պահպանման հարցը մեր ուշադրության կենտրոնում կլինի ու որեւէ անբարենպաստ հանգամանքի բացահայտման դեպքում մենք անհապաղ կարձագանքենք»,- շեշտել է Ռուբեն Մելիքյանը։

ՊԱտասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում սեղանին ինչ գրքույկ է դրված՝ ԼՂՀ օմբուդսմենը պարզաբանել է, որ ձերբակալվածին, իրավունքների բանավոր բացատրությունից բացի տրամադրել են նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը՝ ադրբեջաներեն։ Այս կապակցությամբ Ռուբեն Մելիքյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն 2015-ին միակողմանի կարգով միացել է Եվրոպական հռչակագրին, այդպիսով այդ հիմնարար փաստաթղթի դրույթները տարածվում են Հուսեյնզադեի վրա։

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը նաեւ հիշեցրել է, որ վաղը ժամը 15-ին կավարտվի Էլնուր Հուսեյնզադեին ձերբակալության ժամկետը։ «Մենք ակնկալում ենք, որ հետագա իրավական գործընթացները կընթանան ԼՂՀ օրենսդրությամբ, նաեւ Եվրոպական հռչակագրով սահմանված կարգով ու ժամկետներով»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:

Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել եւ ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:

Է. Հուսեյնզադեն ձերբակալված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ