News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սահմանին զինվոր է զոհվել: Այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 1997 թվականին ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը:

Գարեգինյանն Ախուրյանի շրջանի Շիրակ համայնքից էր, ընտանիքի ավագ որդին: Երիտասարդը բանակ էր զորակոչվել անցած տարվա աշնանը: Նրա ընտանիքը մի քանի տարի է՝ Ռուսաստանում է բնակվում:

Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին: Չինգիզ Սալմանի Գուրբանովը սպանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի զինուժի իրականացած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ: Ադրբեջանցի դիվերսանտի մարմինն ադրբեջանական կողմին են հանձնել փետրվարի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է ընդունել խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների եւ դաշինքների փաստաթղթերը: Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 16-ի ժամը 18-ն է: Առաջին օրվա ավարտին, սակայն, որեւէ կուսակցություն կամ դաշինք փաստաթղթեր չի ներկայացրել:

Մինչ այդ, այսօր կրկին բարձրացվել է ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու հարցը: ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարանում բողոքարկել ընտրությունների անցկացման ամսաթիվը: Նախաձեռնության եւ հիմնավորումների մասին Ազգային ժողովում խոսել է Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը ստորագրահավաք են սկսել: Հայցը Սահմանադրական դատարան ներկայացնելու համար 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ դեմ չէ ընտրությունների օրը փոխելուն, բայց իշխանություններն առայժմ չեն շտապում այդ հարցով որոշում կայացնել:

ՀԱԿ-ում եւս մեկ հարց են հստակեցրել. ինչպես եւ սպասվում էր՝ ՀԱԿ-ի համապետական ընտրացուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իսկ ո՞վ է գլխավորելու իշխող ՀՀԿ-ի ընտրացուցակը: Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում այդ մասին ոչինչ չի նշել: Առայժմ չի որոշվել նաեւ, թե ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը: Ամեն դեպքում, հայտնի է, որ ընտրացուցակում ամենաշատը 300 թեկնածու կլինի: Փորձում են որակյալ ցուցակ կազմել, քննարկել ու հաշվի առնել յուրաքանչյուր կարողություններն ու հնարավորությունները, որպեսզի ընտրական գործընթացից հասարակության որեւէ շերտ դուրս չմնա:

Լրագրողների հարցին՝ Հովիկ Աբրահամյանից բացի, կուսակցությունից այլ նեղացածներ կա՞ն, Բաղդասարյանը հարցով է պատասխանել. իսկ Աբրահամյանը նեղացա՞ծ է:

Իսկ Հանրապետականի ցուցակում տեղ կունենա՞ն, օրինակ, Մհեր Սեդրակյանը, Սուրիկ Խաչատրյանը: Բաղդասարյանն առայժմ անուններ չի ուզում նշել:

Փոխարենը տարածքային ցուցակով թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է Սամվել Ալեքսանյանը: Ասում է՝ ժողովուրդը գալիս է, խնդրում, որ նորից առաջադրվի:

Իսկ Սեյրան Սարոյանը կուսակցության որոշմանն է սպասում: Առաջադրվելու ցանկություն ունի, անելու գործ էլ՝ լիքը, բայց «իրա գլխու» ոչինչ չի անի:

Մանվել Գրիգորյանը նույնպես խուսափում է հստակ պատասխանել, առաջադրելու է թեկնածությունը, թե՞ ոչ: Հենց որոշում կայացնի, պրծնի, անպայման կասի: Փետրվարի 18-ին կայանալիք ԵԿՄ համագումարում Սեյրան Օհանյանի հարցը չի քննարկվի, քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշումը Միության համագումարի հետ կապ չունի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ղեկավար ունի: Նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը՝ ազատվելով պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տոնոյանին ներկայացրել է նախարարության աշխատակազմին:

Նոր պաշտոնում առաջին քայլերի եւ նախարարությունում հնարավոր փոփոխությունների մասին Դավիթ Տոնոյանն առայժմ չի ուզում խոսել. աշխատելու ժամանակ է խնդրում: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը թափուր էր անցյալ տարվա դեկտեմբերից՝ Արմեն Երիցյանի վախճանից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ FoxNews-ին տված հարցազրույցը հերթական սկանդալն է առաջացրել: Այս անգամ նա անդրադարձել է Իրանին՝ այն թիվ մեկ ահաբեկչական երկիրը կոչելով: Թրամփը նաեւ խոստացել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների դիրքերից գործել: Իսկ դրա մեկնարկն արդեն տրված է: Հունվարի 29-ին Իրանի կողմից միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկմանը հետեւել է Վաշինգտոնի պատժամիջոցների ցանկի ընդլայնումը, որում 13 ֆիզիկական անձ է ներառվել՝ Իրանի, ԱՄԷ-ի, Չինաստանի, Քուվեյթի եւ Լիբանանի քաղաքացիներ:

Ռուսաստանի արձագանքը չի ուշացել: Այդ երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ որեւէ կապ չեն նկատել: Ավելին, Լավրովի հավաստմամբ, Իրանը մեծ ավանդ է ներդնում ահաբեկչության դեմ պայքարում:

Հատկապես Սիրիայի հարցով Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունների սերտացումը Միացյալ Նահանգներին, կարծես, այնքան էլ դուր չի գալիս: Ամերիկյան Wall Street Journal պարբերականը գրել է, որ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Իրանի ռազմական ու դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները:

Պատահարների շարք հանրապետություում: Արարատի մարզում չորս մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Մեքենաներից «Toyota»-ն, ինչպես պարզվել է, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանինն է: Մարզպետն աշխատանքի էր գնում: Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Մեկ այլ խոշոր պատահար՝ նույնպես Արարատի մարզում: Երեւան-Երասխավան ճանապարհին մարդատար ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: 7 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Իսկ Կոտայքի մարզում խոշոր վթարին ծեծկռտուք է հաջորդել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին BMW մակնիշի մեքենան բախվել է վրացական համարանիշով Scania մակնիշի խոշոր բեռնատարին, այնուհետեւ Volvo մակնիշի մեկ ակլ բեռնատարի՝ նույնպես վրացական համարանիշով: 3 մարդ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Պատահարից հետո BMW-ի ուղեւորները ծեծել են բեռնատարներից մեկի վարորդին:

Եվս մեկ միջադեպ էլ գրանցվել է Ավանի հոգեբուժարանում: Ահազանգ են ստացել, որ հոգեբուժարանում ռումբ է տեղադրված: Հաստատության 81 հիվանդներին տարհանել են, սակայն տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չեն գտել:

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այս անգամ աչքի է ընկել «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է վերջինի հաղթանակով՝ 0:3 հաշվով: 

Ժոզե Մոուրինյոն հպարտանում է իր ֆուտբոլիստով. «Մխիթարյանն այժմ հրաշքներ է գործում խաղադաշտում»: Անգլիական ակումբի Twitter-ի պաշտոնական էջում անցկացված քվեարկության արդյունքում Մխիթարյանը նաեւ ձայների 83%-ով Անգլիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել:

Հայաստանի առաջատար ծանրորդներից Աղասի Աղասյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Նրա որոշման մեջ վճռորոշ դեր է խաղացել 400 գրամ ավելացած քաշը: Բանն այն է, որ Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Աղասյանը չի կարողացել հանդես գալ 85 կգ քաշային կարգում, քանի որ քաշը 400 գրամ ավելի է եղել: Իսկ 94 կգ քաշային կարգում 344 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը: Վերջին մոտեցումից հետո ծանրորդը հանել է մարզակոշիկներն ու թողել մրցահարթակի վրա, իսկ պարգեւատրության արարողությանը չի ներկայացել: Ավելի ուշ մարզիկը Facebook-ում գրառում է արել. «Ես հեռանում եմ սպորտից բարձր ճակատով: Թքած ունեմ այն մարդկանց վրա, ովքեր իմ կոշիկներից էժան են»:

Գրառումն ուղղված էր հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, ինչից վիրավորված մարզիչն էլ Աղասյանին տրեխի հետ է համեմատել: Հետո հիշեցրել է ծանրամարտում իր վաստակի ու համբավի մասին՝ հավելելով, որ Աղասյանն իրենից նեղացել է, քանի որ ինքը մյուս մարզիչների նման խաբեության չի գնացել:

Եղանակային պայմանների հետեւանքով առաջացող խնդիրներն անվերջանալի են թվում: Օդի ջերմաստիճանի բարձրացումն իր հերթին է խնդիրներ ստեղծել, որոշ դեպքերում՝ կյանքին վտանգ սպառնացող: Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկը ժապավենով շրջագծել են, որպեսզի տանիքից թափվող սառույցը չվնասի անցորդներին: Հարեւաններն ասում են՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ հրաշքով են փրկվել վերեւից ընկնող սառույցից:

Իսկ Տաշիրում պատուհաս են դարձել առատ ձյունն ու մառախուղը: Հարսանիքի շտապող ավտոշարասյունն արգելափակվել է ձայն մեջ եւ պսակադրության շտապող շուրջ 40 ավտոմեքենաներ երեք ժամ ճանապարհին են մնացել: Փրկարարները մեքենաները ձյան հաստ շերտից դուրս բերելու համար հատուկ տեխնիկա են օգտագործել:

Դոլարի փոխարժեքը փետրվարի 6-ին գրեթե չի փոխվել, փոխարենը թանկացել են եվրոն եւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոյինը՝ 522, ռուբլունը՝ 8 դրամ 26 լումա, ֆունտինը՝ 606 դրամ:

Փետրվարի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր վայրերում կդիտվի -9-11, ցածրադիր վայրերում՝ -16-18, իսկ ցերեկը՝ -2-4 աստիճան ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ