News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թատրոնները եւ մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես պետք է կապիտալիզացնել, որակ փոխել եւ կառավարման մշակույթ ներդնել: Այդ մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարությունում  պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով 2016թ. միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք որոշումներ: Առաջին երեւանյան միջազգային բիենալեի նախաձեռնող խմբի կողմից որոշվել է անցկացնել «Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն, որի աշխատանքները կընթանան 2017 թվականին: Վերանորոգվել է 3 տուն-թանգարան, իսկ նոր մշտական ցուցադրություններով վերաբացվել են 2-ը: Արտերկրում բացվել է մեծամասշտաբ 4 ցուցահանդես: Հաղպատում անցկացվել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը: Ստեղծվել է «Հայկական կինո» տեղեկատվական շտեմարանը, ավարտվել է համատեղ 3 ֆիլմերի արտադրությունը, թվայնացվել է 7 ֆիլմ, 1 կինոնախագիծ ընթացքի մեջ է: Արմեն Ամիրյանը զեկուցել է նաեւ 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ մշակութային արտադրանքի եւ ծառայությունների խթանում՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակութային ժառանգության ոլորտում տնտեսական բաղադրիչի մեծացում, հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված ստեղծագործական ծրագրերի իրականացում:

Հայկական մշակույթի տարածման ու ճանաչելիության բարձրացման նպատակով Կարեն Կարապետյանը կարեւորել է մշակույթի կապիտալիզացիան՝ ընդգծելով, որ պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ: «Թատրոնները եւ մշակութային մյուս կառույցները պետք է ունենան ծրագիր՝ ինչպես պետք է կապիտալիզացնել, որակ փոխել եւ կառավարման մշակույթ ներդնել: Պետք է նման ծրագրերով առաջ գնանք», - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ համաշխարհային մշակույթի տարածմանն ուղղված միջոցառումների անցկացումը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ