News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Զոհ եւ վիրավոր սահմանին: Հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է 1979 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Մանուկյանը Մարտակերտից էր, ամուսնացած էր, երեխաներ ուներ: Բանակում ծառայում էր շուրջ 20 տարի: Նախկինում էլ վիրավորվել էր, իսկ ապաքինվելուց հետո վերադարձել ծառայության:

Հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով էլ վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: 19-ամյա Կիրակոսյանը վիրավորվել է գլխի շրջանում, նրան Մարտակերտի հոսպիտալում վիրահատել են: Զինծառայողի վիճակը ծանր են գնահատում:

Իսկ երեկ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ձեռնարկած հերթական սադրանքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հայկական կողմի, իբր, նախահարձակ լինելու մասին: Արցախի պաշտպանության նախարարությունը սա անհեթեթ ապատեղեկատվություն է որակել:

Մինչ այդ, գիշերը սահմանագծում լարվածությունն աճել է: Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել:

Զինված ու դիմակավորված հատուկ ջոկատայիններ, ձեռնաշղթաներ, ինչպես նաեւ մեծ թվով տեսախցիկներ: Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվում միջազգային մասշտաբի հանցագործի նման են ընդունել:

Լապշինի արտահանձնման թեման այսօր ակտիվորեն քննարկվել է Հայաստանի Ազգային ժողովում: Պատգամավորները հայտարարություններ են արել, բլոգերի արտահանձնումը Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ ուղղված կեղտոտ խաղ որակել, նաեւ առաջարկել հետ կանչել Մինսկում Հայաստանի դեսպանին եւ ՀԱՊԿ-ին Բելառուսի անդամակցությունը դադարեցնելու հարց բարձրացնել:

«Ելք» դաշինքն էլ Երեւանում Բելառուսի դեսպանատան առջեւ ցույց է կազմակերպել ու դեսպանի հետ հանդիպում պահանջել: Դեսպանը, ինչպես կարելի էր սպասել, չի արձագանքել: Նշենք, որ Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Բաքվի «ցասումին» արժանացել է առանց Ադրբեջանի «թույլտվության» Արցախ այցելելու համար ու ներառվել այդ երկրի հայտնի «սեւ ցուցակում»: Այստեղ բլոգերին մեղադրում են «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Լապշինի արտահանձնման թեման շարունակվել է նաեւ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Արտգործնախարարը բլոգերի արտահանձնման գործարքն ամոթալի է կոչել, բայց համոզմունք է հայտնել, որ Արցախ այցելող օտարերկրացիների թիվն այս իրադարձության հետեւանքով չի նվազի, հակառակը՝ կավելանա: Էդվարդ Նալբանդյանը նաեւ խորհուրդ է տվել չտրվել Բաքվի սադրանքներին:

Լյուդմիլա Սարգսյանն էլ կրկին բարձրացրել է խորհրդարանական ընտրությունների ամսաթվի հարցը՝ շեշտադրելով, որ ապրիլի 2-ն ապրիլյան պատերազմի տարելիցն է: Դավիթ Հարությունյանն արձագանքել է. տոնակատարություն չենք կազմակերպում, ընդամենը քվեարկություն ենք անցկացնելու: Իսկ այլ օր ընտրել, այո, հնարավոր էր, բայց այդ դեպքում նույնպես, Հարությունյանի համոզմամբ, շահարկումներից չէինք խուսափի:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանին Արամ Մանուկյանը հորդորել է Ազգային ժողով գալիս իր շուրջը պատնեշներ չստեղծել ու չխուսափել լրագրողների հետ զրուցելուց: Կարապետյանը հակադարձել է. կարծիք էլ կա, որ չափազանց շատ է շփվում մամուլի հետ, բայց, խոստովանել է, ոչ միշտ է հաճույք ստանում: 

Մինչ կառավարության անդամների ժամանելը խորհրդարանում կրքերը փոքր-ինչ թեժացել էին. «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթն» առաջին ընթերցմամբ քվեարկության դնելիս Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը վիճաբանել են, բանը հասել է նաեւ վիրավորանքների:

Հրանտ Բագրատյանը հորդորել է դեմ քվեարկել օրինագծերի փաթեթին: Ասում է՝ թյուրիմացության մեջ են գցում, հիփոթեքային վարկը մարելիս հարկ կլինի մնացած տոկոսներն էլ վճարել: Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ նախատեսվում է ոչ թե տույժ ու տուգանք, այլ միայն այդ պահին սահմանված տոկոսադրույքների վճարում: Բագրատյանը տեղից բղավել է՝ սուտ է: Հենց այստեղ էլ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել:

Խոշոր վթար մերկասառույցի պատճառով: Կոտայքի մարզում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել Mercedes եւ Honda մակնիշների մեքենաները, իսկ վերջինը բախվել է նաեւ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին: Mercedes-ի 23-ամյա վարորդին հիվանդանոց են տեղափոխել:

Դոլարը թանկանում է, եվրոն՝ հակառակը, էժանանում: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 607 դրամ:

Փետրվարի 9-ին հանրապետության առանձին շրջաններում ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանը 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 7-10 աստիճանով: Երեւանում փետրվարի 9-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է՝ թույլ ձյուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ