Արցախում հունվարի 16-ին կրտսեր սերժանտի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները:

Զինծառայողն արդեն ավելի քան 3 շաբաթ կոմայի մեջ է:

Նշենք, որ հունվարի 28-ին Գուրգենի մոտ սկսվել էր գլխուղեղի արյունազեղում, նրան վիրահատել էին:

Ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորված է: