News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ուղիղ երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանը կրկին ստանձնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարումը: Կուսակցության 9-րդ համագումարում Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց ԲՀԿ նախագահի պաշտոնից, Ծառուկյանը դարձավ նախագահ: Ուշագրավ է, որ 2 օրից լրանում է 2 տարին, երբ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթից հետո Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը եւ հեռանում իր հիմնադրած կուսակցության ղեկավարի պաշտոնից: Ինչ երաշխիք կա, որ Ծառուկյանն այս անգամ էլ գործը կիսատ չի թողնի ու հեռանա: Ծառուկյանն այսօր վստահեցրել է` այս անգամ մնալու է, իսկ կասկածողներն ընդամենը չար մարդիկ են

Ծառուկյանը բացատրել է` ինչու այդ ժամանակ ինքը հեռացավ. եթե չհեռանար, արյունահեղություն էր լինելու: Եվս մեկ պատճառ հեռանալու համար. Եթե մնար, ներքին քաղաքական կայունությունը խաթարվելու էր, հակառակորդն էլ օգտվելու էր դրանից: Ծառուկյանը վստահեցրեց, որ հեռացել է նաեւ հանուն Հայաստանի եւ Արցախի անվտանգության:

Ծառուկյանի ելույթն ավելի շատ նվիրված էր իր մասին չարախոսող լրագրողներին, իրեն չհավատացողներին, իր կատարած բարի գործերին, քան քաղաքական էր: Անդրադարձավ սոցիալական խնդիրներին, արտագաղթին, քաղաքացիների վարկային բեռին, նաեւ արագաչափերից եւ տեսախցիկներից եկող մեծ տուգանքներին:

Ծառուկյանը վստահ է` լավ կրթության պակասն իրեն չի խանգարի լավ ղեկավար լինել, կարեւորը ոչ թե տեսական գիտելիքն է, այլ փորձը:

Որպեսզի ոչ ոք չկասկածի, որ Ծառուկյանը քաղաքականություն է վերադարձել ժողովրդի համար, հիշեցրեց` ինքն ունի այն ամենը, ինչ երազում է ունենալ մարդկության մեծ մասը:

Համագումարում այդպես էլ չքննարկվեց «Ծառուկյան» դաշինքի հարցը, ինչը հաստատում է այն տեղեկությունները, որ դաշինքը նախապես հայտարարված կազմով, այնուամենայնիվ, չի կայանա: Շարունակում է բաց մնալ Հովիկ Աբրահամյանի հարցը: Մամուլում լուրեր կան, որ նա գաղտնի հանդիպումներ է ունենում Ծառուկյանի հետ, սակայն այսօրվա համագումարին Հովիկ Աբրահամյանը չկար: Փոխարենն այնտեղ էր նրա որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ առաջադրվելու է ԲՀԿ-ի տարածքային ցուցակով Արարատի մարզում, թեեւ դեռեւս կուսակցության անդամ չէ: Չնայած հոր հեռանալուց հետո նրա մերձավորները լքել են պաշտոնները, Արգամ Աբրահամյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքապետի պաշտոնից, վստահեցնում է, որ տեղեկությունները, թե իր եւ իրենց ընտանեկան բիզնեսների նկատմամբ ճնշումներ են սկսվել, իրականությանը չեն համապատասխանում:

Համագումարին մասնակցող, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թեեւ նույնպես առաջադրվելու է ԲՀԿ տարածքային ցուցակով, չի պատրաստվում կուսակցական դառնալ: Նրա խոսքով, նույնիսկ ՀՀԿ անդամ լինելու տարիներին ինքն իրեն ոչ թե կուսակցական, այլ հոգեւոր գործիչ համարել:

Վարդան Ղուկասյանը վստահեցրել է` ինքը ՀՀԿ-ից չի նեղացել, ավելին, ՀՀԿ-ից դուրս չի եկել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերի ներկայացմանը մնացել է ընդամենը 6 օր, իսկ ԿԸՀ-ն դեռեւս որեւէ կուսակցությունից կամ դաշինքից փաստաթուղթ չի ստացել: Սա, իհարկե, կարելի է վերագրել ամեն ինչ վերջին պահին անելու հին հայկական սովորությանը, սակայն խնդիրն ըստ երեւույթին ավելի խորն է: Բանն այն է, որ քաղաքական ուժերը ներսում համաձայնության չեն կարողանում գալ այլ ուժերի հետ համագործակցության եւ ցուցակների շուրջ:

Այսօր արդեն պարզ դարձավ, որ պառակտում կա Օսկանյան- Օհանյան ձեւավորվող դաշինքում: Նրանց հետ ընտրությունների գնալու մտքից հրաժարվել է Դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բացատրել է` պայմանավորվածությունները խախտվել են, իրենց առաջարկած ծրագիրը խորհուրդը քննարկման չի դրել, իրենք էլ որոշել են հեռանալ: Նա չի բացառել, որ առաջիկայում դաշինքից դուրս կգան նաեւ «Երրորդ Հանրապետությունն» ու ԱԻՄ-ը:

Վերջին օրերին մամուլում ակտիվ շրջանառվում են լուրերը, որ Սեյրան Օհանյանը դաշինքի ներսում խնդիրներ ունի, ավելին, խաղալիք է դարձել որոշ ստվերային դերակատարների ձեռքին: Ասում են` դաշինքում թելադրող է դարձել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն ինքն է կազմում ընտրական ցուցակը եւ առաջին հորիզոնականներում ցուցակագրում է միայն Վարդան Օսկանյանի թիմակիցներին:

Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու դիմում «Հայ ազգային կոնգրեսը» չի ներկայացնի. Նրանց նախաձեռնությունը տապալվել է: Անհրաժեշտ 27 ստորագրության փոխարեն ՀԱԿ-ին հաջողվել է ստանալ միայն 19 պատգամավորների ստորագրությունը:

Շփման գծի վերջին օրերի լարվածությունը դեռեւս չի թուլանում: Գիշերը հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը եւ մոտ հազար կրակոց արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Ավելի ուշ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել` իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան Զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց իր անձնակազմով: Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը եւ կանխատեսել նման ապատեղեկատվության իրական շարժառիթը. Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի Զինված ուժերում ծառայակիցների կողմից զինծառայող է սպանվել եւ այդ կերպ փորձում են մեղքը բարդել հայկական կողմի վրա:

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին քաշքշած եւ նրանց վրա թքած ոստիկանների նկատմամբ սկսվել է ծառայողական քննություն: Նախօրեին այս կանայք, ինչպես ամեն հինգշաբթի, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ եւ փորձում էին հանդիպել պաշտպանության նախարարի հետ, որպեսզի խնդրեն բացահայտել իրենց որդիների սպանության գործերը: Մի խումբ ոստիկաններ նրանց քաշքշել են, վիրավորվել  արդար քննություն պահանջեն:

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» իր մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանն ազատության մեջ մնաց ընդամենը մեկ ամիս: Ոստիկաններ ներկայացած քաղաքացիական համազգեստով անձինք նախօրեին ներխուժել են նրանց տուն, խուզարկել այն, ապա բերման ենթարկել Արթուր Սարգսյանին Հատուկ քննչական ծառայություն, այնտեղից էլ դատարան, որտեղ նրան կալանավորել են: ՀՔԾ-ից պարզաբանել են, թե իբր Արթուր Սարգսյանը ծանուցումը ստանալուց հետո չի ներկայացել քննչական գործողությունների, մինչդեռ Արթուրի ընտանիքում կարծում են, որ նրան ահաբեկում են, քաղաքական հետապնդման ենթարկում: Նրանք նույնիսկ կարծում են` Արթուր Սարգսյանի համար ավելի անվտանգ կլիներ մնալ կալանավայրում, քան ազատության մեջ:

Արթուր Սարգսյանի եղբայրն ասում է` վերջին դեպքերից հետո իրենք սկսել են անհանգստանալ ընտանիքի մյուս անդամների համար: Վերջին օրերին գյուղում, որտեղ բնակվում է նրա մայրը, տարօրինակ շարժ են նկատել, տան դիմաց կանգնած անծանոթ մեքենաներ:

Ի նշան բողոքի` Արթուր Սարգսյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղը ցնցված է կատարված ողբերգությունից: Գիշերը գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 18-ամյա երիտասարդի դին: Նախնական վարկածով, նա ինքնասպօանություն է գործել ծառից կախվելու միջոցով: Գյուղացիները զարմացած են` Տարոն Գեւորգյանը Ճարտարագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող էր, սովորում էր գերազանցությամբ, բարեկեցիկ ընտանիքից էր: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Իրավապահները պարզում են երիտասարդի մահվան պատճառռը: Նրանց մոտ կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ դեպքից հետո Տարոնի հեռախոսն անհետացել է:

Դոլարն ու ռուբլին շարունակում են թանկանալ: ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486, ռուբլունը` 8,30 դրամ: Եվրոն եւ ֆունտն էժանացել են` կազմելով համապատասխանաբար 518 եւ 608 դրամ:

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ին սպասվում է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես փետրվարի 11-ին սպասվում է թույլ ձյուն, գիշերը կդիտվի -6-8, ցերեկը` 0 -2 ցուրտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ