News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հանգստյան օրերին ներքաղաքական իրադարձությունները շատ արագ զարգացան։ Օսկանյանի եւ Օհանյանի հետ համագործակցությունից հրաժարվեց «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը:

Հեռանալուց առաջ Վիկտոր Դալլաքյանը ներքին խոհանոցի որոշ մանրամասներ հրապարակեց։ Նախ նա հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը, որ դաշինքում ստվերային գործընթացներ են եղել, համապետական ցուցակը կազմելիս Դալլաքյանին անտեսել են, ցուցակը կազմել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, հետո այցելել է իրենց գրասենյակ եւ ներկայացրել այն: Դալլաքյանին անունը ցուցակի առաջին տասնյակում չի եղել, փոխարենը առաջին տասնյակում 7-ը Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունից են, իսկ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Եթե անկեղծացել է, գուցե բոլորին հուզող մյուս հարցի՞ն էլ պատասխանի. առնչություն ունի՞, արդյոք, Ռոբերտ Քոչարյանը դաշինքի հետ։ Դալլաքյանը պատասխանել է հռետորական հարցով, ըստ էության, չհերքելով այդ կապը։

Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում են նաեւ «Ժառանգություն»-ից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը. «Ժառանգություն»-ը վերջապես կողմնորոշվել է եւ ընտրությունների գնալու է հենց այս դաշինքի հետ: Ստեղծված քաղաքական միավորումն արդեն անուն ունի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք»։

Երեք գործիչներն այսօր արդեն դաշինքի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Վարդան Օսկանյանը նորից հայտարարել է իշխանափոխության անհրաժեշտության մասին. այն երկրին հաց ու ջրի նման է պետք: Դեռ ընտրություններին չհասած՝ «Համախմբում» կուսակցության ղեկավարն արդեն հետընտրական զարգացումների մասին է խոսել. դրանք ավելի հետաքրքիր են լինելու:

Րաֆֆի Հովհաննիսյանն այս միությունը պատմական է անվանել՝ իշխանափոխության մեկնարկ։ Ի դեպ՝ իմիջը «Ժառանգության» ղեկավարը չի փոխել, թեեւ գլխավոր աքսեսուարը՝ շարֆը, նույնը չէր։

Մեկը մյուսի հետեւից քանդվող եւ վերակազմավորվող դաշինքներից առայժմ անխախտ է «Ելք» դաշինքը: Այստեղ դեռ ամեն ինչ, գոնե արտաքուստ, հարթ է ընթանում: Դաշինքի համապետական ընտրացուցակի առաջին եռյակի անունները հայտնի կդառնան վաղը: Ընդ որում՝ հարցը հրապարակային կլուծեն, լրագրողների ներկայությամբ:

Դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն այսօր չի բացառել, որ իրենց ընտրացուցակում կլինի նաեւ «Ժառանգությունից» նեղացած Զարուհի Փոստանջյանը: Ինքը՝ Փոստանջյանը, խոստացել է խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել փետրվարի 16-ին:

Դեռեւս շատ հարցերի պատասխան չի տվել նաեւ իշխող Հանրապետական կուսակցությունը: Հայտնի չէ, թե ով է ղեկավարելու կուսակցության նախընտրական շտաբը, ՀՀԿ-ն նաեւ չի ներկայացրել իր համապետական ընտրացուցակը: Փոխարենը Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ-ի Երեւանի եւ մարզային տարածքային ցուցակներում ընդգրկվածների անունները. գեներալներ, մականունավորներ, նույնիսկ շախմատիստ: Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, օրինակ, առաջադրվելու է Արագածոտնում։

«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարն անցած հանգստյան օրերին բավական զվարճացրեց սոցցանցերի օգտատերերին։ Արթուր Բաղդասարյանի եւ Հեղինե Բիշարյանի՝ սադիստական երանգներով ելույթները ծաղրական գրառումների եւ մեմերի թեմա դարձան։ Այս հայտարարությունները հետին պլան մղեցին համագումարի գլխավոր իրադարձությունները. Արթուր Բաղդասարյանն ընտրվեց կուսակցության ղեկավար եւ հենց նա էլ կգլխավորի կուսակցության նախընտրական ցուցակը։

Հակառակորդը կրկին ակտիվացել է: Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է շփման գծում լարվածության աճի մասին: Փետրվարի 12-ին եւ լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակոցներ արձակելով նաեւ հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից:

Մինչ այդ՝ ադրբեջանական կողմն այսօր կրկին հայտարարել է, թե հայկական կողմը, իբր, դիվերսիայի փորձ է արել: Արցախյան կողմը հերքել է հայտարարությունը եւ այն կոչել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հորինվածք:

Վրաց կաթողիկոս-պատրիարքին փորձել են թունավորել: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Վրաստանի մի քաղաքացի գլխավոր դատախազություն է դիմել՝ հայտնելով, որ իր ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ գտնել:

Դատախազությունը հաստատել է լուրը: Մամալաձեին մեղադրում են բարձր դասի հոգեւորականի սպանության նախապատրաստման մեջ: Իլյա 2-րդը, սակայն, չի հավատում, որ Վրաստանում կգտնվեր մեկը, ով կցանկանար թունավորել իրենԻլյա 2-րդը հիմա Բեռլինում է. նրան վիրահատել են: Տարիներ առաջ 84-ամյա պատրիարքը վիրուսային ինֆեկցիա է տարել, որը լեղապարկի բորբոքման պատճառ է դարձել, բայց այն ժամանակ հրաժարվել է վիրահատվել:

Այս իրադարձությունների հետ կապված վրաց պատրիարքի անվտանգության ծառայությունն ուժեղացվել է:

Գերմանիան նոր նախագահ ունի: Երկրի Դաշնային ժողովը 931 կողմ ձայնով այդ պաշտոնում ընտրել է նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին: Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել է նոր ժամկետով առաջադրել թեկնածությունը՝ վկայակոչելով տարիքը. նա 77 տարեկան է:

Կանցլեր Անգելա Մերկելը համոզմունք է հայտնել, որ Շթայնմայերը երկրի արժանավոր նախագահ կլինի, եւ նշել, որ իր գլխավորած կառավարությունում նա կարողանում էր ելք գտնել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում: Ինքը՝ Շթայնմայերը, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում չի միջամտելու արտաքին քաղաքական հարցերին: Նա նախագահի լիազորությունները կստանձնի մարտի 19-ին:

Ընտանիքով Ադրբեջանից փախած Շահին Միրզոեւը Հայաստանի իշխանություններից ժամանակավոր ապաստան է հայցել: Պաշտոնական Երեւանը դրական է արձագանքել խնդրանքին: Միրզոեւը հայտնել է, որ Թալիշական մշակույթի խորհրդի անդամ է, թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, եւ ստիպված է եղել փախչել Ադրբեջանից ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով: Ընտանիքը նաեւ բուժօգնության կարիք ունի: Առողջապահության համապատասխան հաստատությունները զբաղվում են խնդրով:

Ադելն այս տարվա «Գրեմմի»-ի հերոսուհին է. հեղինակավոր մրցանակաբաշխության 59-րդ արարողության ժամանակ բրիտանացի երգչուհին ամենաշատ թվով մրցանակներն է ստացել, այդ թվում՝ «Տարվա երգ» եւ «Տարվա ալբոմ» անվանակարգերում: 9 անվանակարգում առաջադրված Բեյոնսեն, փաստորեն, զիջել է Ադելին, փոխարենը մրցանակաբաշխության հյուրերին ներկայացել է հրաշալի կատարմամբ եւ տեսարժան շոուով: Հղի Բեյոնսեն ներկայացել է հնդկական աստվածուհու կերպարով: Ի դեպ՝ նրա ելույթը մեզ համար հատկանշական է նաեւ այն առումով, որ երգչուհու պարողների մատանիների եւ գլխազարդերի հեղինակն ազգությամբ հայ Մարիաննա Հարությունյանն է:

Ցավալի լուր ջազի սիրահարների համար: 76 տարեկանում վախճանվել է ամերիկյան լեգենդար ջազ երաժիշտ Էլ Ջերոն: Նա երգել սկսել է 4 տարեկանից: Ստեղծագործական գործունեության ընթացքում Էլ Ջերոն ավելի քան 20 ալբոմ է ձայնագրել: Երաժշտի առաջին՝ We Got By անվանումով սկավառակը թողարկվել է 1975 թվականին: Ջերոն յոթ անգամ «Գրեմմի»-ի է արժանացել, իսկ 2001-ից Հոլիվուդի Փառքի ծառուղում սեփական աստղն ունի:

Դոլարն ու ռուբլին շարունակում են վերելքը, իսկ եվրոն զիջել է դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 609 դրամ:

Փետրվարի 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ ձյան տեղումներ են սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ