News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հին ձեռագրերի պահոց «Մատենադարանում» շարունակվում է ձեռագիր վիթխարի ժառանգության «գույքագրումը»։ ԳՀԻ-ում հրատարակվում են երկու ֆունդամենտալ մատենաշարեր ՝ «Մատենագիրք հայոց» եւ «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց», դրան զուգահեռ պատրաստվում են այլ լեզուներով ձեռագրերի ցուցակները։

NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ ձեռագրերը պահպանելն ինքնին շատ կարեւոր է, բայց նվազ կարեւոր չէ աշխարհին այդ ձեռագրերը պատշաճ ձեւով ներկայացնելը։

Նրա խոսքով «Մատենագիրք հայոց»-ը ֆունդամենտալ աշխատություն է, որը ընդգրկում է 5-18 րդ դարերի հայ մատենագիրների աշխատությունները։ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ արդեն հրատարակվել է ձեռագրերի 20 հատոր, իսկ ընդհանուր առմամբ լինելու է մոտ 70 հատոր։

Ինչ վերաբերում է Մայր ցուցակին, ապա այն, ի մի բերվելով, պարունակելու է Մատենադարանում պահվող ավելի քան 16 հազար հայերեն ձեռագրերի մանրակրկիտ նկարագրություն։

Բայց Մատենադարանում հայերեն ձեռագրերից բացի կան նաեւ այլ լեզուներով բազմաթիվ ձեռագրեր։ Ժամանակին նկարագրվել են միայն լատիներեն ու հունարեն ձեռագրերը։ Անցած տարի կազմվել է Մատենադարանի արաբատառ ֆոնդի առաջին նկարագրությունը՝ ձեռագիր Ղուրանների  ցանկը  (դրանք ավելի քան 100-ն են): Հրատարակության համար պատրաստ է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը, նաեւ պատրաստվել է եբրայերեն ձեռագրերի ցանկը։ Շարունակվում են քրիստոնեական բովանդակությամբ արաբերեն ձեռագրերի հետազոտությունները։

«Մեր օտարերկրյա գործընկերները պատրաստում են ասորերեն եւ վրացերեն ձեռագրերի նկարագրությունը։ Ծրագրվում է կազմել նաեւ օսմաներեն ձեռագրերի ցանկ։ Ունենք եթովպերեն ձեռագրեր, բայց քանի որ մենք մասնագետներ չունենք, կներգրավենք օտարերկրյա գործընկերներին։ Դա մեծածավալ աշխատանք է, բայց այն ավարտին հասցնելուց հետո մենք կկարողանանք աշխարհին ներկայացնել մեզ մոտ պահվող ամբողջ ժառանգությունը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ