Չիկագոյում փոխհրաձգության արդյունքում 2 տարեկան երեխա է զոհվել: Հրաձգությունն ու երեխայի մահն ուղիղ հեռարձակվել են Facebook Live-ով:
Ըստ Rollingout-ի՝ 2 տարեկան Լավոնթայ Ուայթը մորաքրոջ եւ նրա ընկերոջ հետ մեքենայում է եղել: Վերջինը, ոստիկանության տվյալներով, հանցավոր խմբի անդամ է եղել: Անհայտ անձը կրակ է բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Երեխան գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել, մորաքույրը վիրավորվել է, նրա ընկերը՝ սպանվել:
Հրաձգության ժամանակ կինը Facebook Live-ի ուղիղ եթերում է եղել: Վիրավորված կինը կարողացել է դուրս գալ մեքենայից եւ սկսել բղավել, որ «գնդակահարել են նրան»՝ նկատի ունենալով ընկերոջը: Պարզվել է նաեւ, որ կինը հղի է. նրա եւ երեխայի կյանքին ոչինչ չի սպառնում: