News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ավշար գյուղի տարածքում զինվորական զորամաս տանող ճանապարհին վրանի մեջ իր երեք անչափահաս երեխաների հետ բնակվող 38-ամյա Արմինե Դավթյանին NEWS.amհրապարակումից հետո  շատերն են օգնել: Երիտասարդ կնոջն օգնել են գումարի, սննդամթերքի եւ հագուստի հարցով:

«Շուրջ 610 հազար դրամի գումար է հավաքվել, ես էլ որոշեցի հին պարտքերս թողնել հետին պլան, ու առաջնահերթ կով գնեցի իր հորթի հետ: Մտածեցի` պահեմ, կաթը կթեմ, համ երեխաներս կխմեն, համ էլ կծախեմ ու գոնե հաց կգնեմ: Բացյ մինչեւ ծախելը որոշեցինք կաթը բաժանել մեր նման անապահով ընտանիքներին: Այդ քայլով փորձեցինք շնորհակալ լինել այն բոլոր մարդկանց, որոնք Ամանորի շեմին մեզ ուրախացրին, կիսեցին իմ դժվարությունը: Բոլորի պես իմ երեխան էլ տոնածառ զարդարեց ու ամանոր նշեց»,- ասաց Արմինեն:

Արմինեն պատմեց, որ կեցության վերջնական հարցը լուծված չէ, թեեւ իրենք տեղափոխվել են վրանի կողքին գտնվող կիսակառույց շինություն եւ մնալու են այնտեղ մինչեւ մարտի 10-ը: Բարեբախտաբար, լուծվել է երեխաների դպրոցի խնդիրը. անհատների հովանավորությամբ  և  Արարատի մարզպետարանի աջակցությամբ երեխաներին հատկացվել է տրանսպորտ, և նրանք հունվարի 23-ից հաճախում են Արարատի միջնակարգ դպրոց.

«Իմ ամենամեծ  ցանկությունը կատարվեց, աղջիկներս դպրոց են գնում, բայց մտահոգությունս կեցության խնդիրն է: Ես երեք նպատակ ունեմ. գոնե 1 սենյականոց, բայց սեփական տանիք ունենամ, որ իմ երեխաներն ուրիշի ձեռին չնայեն, ես էլ ընդլայնեմ իմ տնտեսությունը, ես էլ բարեգործություն անեմ: Երազում եմ, որ հնարավորություն ունենամ իմ տանիքի տակ ծերերի, մանուկների, ինձ նման անապահով ընտանիքների համար օրվա մեջ գոնե մեկ անգամ տաք ճաշ եփեմ ու հյուրասիրեմ, ես էլ օգնեմ մարդկանց»,- նշեց Արմինեն:

Ավելի վաղ  NEWS.am-ը   հայտնել  էր, որ 38-ամյա Արմինեն իր երեք անչափահաս երեխաների հետ միասին ապրում է Արարատի մարզի Ավշար գյուղում զորամաս տանող ճանապարհին գտնվող վրանի տակ: Արմինեն  սոցիալական ծանր խնդիրների մեջ է հայտնվել ամուսնալուծվելուց հետո: Հայրենի Սևան քաղաքից տեղափոխվելով սկզբում Արմավիր, հետո արդեն Արարատի մարզ` աշխատել է տարբեր ֆերմաներում` անասուն պահել, կաթ կթել, սակայն  աշխատավարձ չստանալու, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառով դուրս է եկել աշխատանքից և անհատ բարերարի օգնությամբ տեղավորվել վրանում: Արմինեի տղան մոր հետ հավասար աշխատում է, երկու աղջիկներն էլ դպրոց չեն գնում:

 

 

Տպել
Ամենաշատ