Երբ որեւէ քաղաքական ուժի ղեկավարությունը կտրվում է ժողովրդից, տեղի է ունենում օլիգարխիզացիայի գործընթաց, որը տեսնում ենք որոշ ուժերի մոտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ՀՎԿ ցուցակի երկրորդ հորիզոնական զբաղեցնող Մհեր Շահգելդյանը:
Նա հույս հայտնեց, որ ընտրական գործընթացում քաղաքական ուժերը կհամագործակցեն ընտրախախտումների դեմ պայքարում:
Անդրադառնալով «Հայկական վերածնունդի» ծրագրերին, Շահգելդյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը ընտրությունների է գնում ծրագրային, ռազմավարական մոտեցումներով, որոնք ուղղված են լինելու սոցիալական աջակցությանը, երկրի ազգային անվտանգությանը եւ տնտեսական զարգացմանը. «Մեր առավելությունները լիդերի առկայությունն է: Արթուր Բաղդասարյանն այն քաղաքական գործիչն է, որն ունի փորձ, մեծ հռետորական հմտություններ եւ մեծ գործ ունի արած այս երկրի համար: Երկրորդը կազմակերպչական աշխատանքն է, որը չի ընդհատվել, երրորդը նորարական մոտեցումներն են, որոնք ներկայացվելու են հասարակության դատին»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը անդրադարձավ ավանդները վերադարձնելու «Հայկական վերածնունդի» նախընտրական խոստմանը, նշելով, որ ամբողջական ծավալով դա հնարավոր չէ իրականացնել. «Բացառված է: Իհարկե, 10 մլրդ դոլարի համարժեք ավանդները վերադարձնել ի զորու չենք, բայց հասարակությունը սպասում է նույնիսկ ինդեքսավորված ոչ մեծ գումարներին: Ուրեմն դա լավ է, եւ չի կարելի չողջունել»:
Մհեր Շահգելդյանն էլ նկատեց, որ դեռ տարիներ առաջ, երբ իրենք առաջարկում էին վերադարձնել ավանդները, շատերն ասում էին, որ դա իրատեսական չէ, բայց այսօր այդ գործընթացն սկսված է: