Ահաբեկիչներից Հալեպի ազատագրումը պատմական հաղթանակ էր, որը հանգեցրեց տարածաշրջանում եւ միջազգային թատերաբեմում ուժերի վերաբաշխմանը: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի եւ միգրանտների հարցերի փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեքդադը:
Նա նշել է, որ Հալեպի ազատագրումն Արեւմուտքի երկրների ագրեսիվ ծրագրերի ձախողումն էր՝ ԱՄՆ-ի եւ տարածաշրջանում նրանց սատարող ուժերի գլխավորությամբ:
Ալ-Մեքդադի խոսքով՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան լայնածավալ դավադրություն էին ծրագրել Սիրիայի դեմ՝ Պաղեստինի եւ ընդհանրապես արաբական դիմակայության հարցում նրա դիրքորոշման համար:
Անդրադառնալով Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներին՝ նա կրկին մատնանշել է Սիրիայում ահաբեկչությունը ոչնչացնելու անհրաժեշտությունը, միջազգային հանրությանը կոչ անելով ճնշումներ գործադրել Սիրիայում, Իրաքում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում զինված կազմավորումներին ֆինանսավորող եւ սատարող երկրների վրա: