Մոտ 350 ապօրինի միգրանտներ թափանցել են իսպանական ինքնավար Սեուտա քաղաք, որը գտնվում է Ջիբրալթարի աֆրիկական ափին: Փետրվարի 20-ի լույս գիշերը ապօրինի միգրանտներին հաջողվել է անցնել վեցմետրանոց կրկնակի պարիսպը, որն անկլավը բաժանում է Մարոկկոյից: Այս մասին հայտնում է «Գերմանական ալիքը»:
Այդ ընթացքում 11 մարդ վնասվել է, 6 մարդ կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հայտնել են միջազգային Կարմիր խաչից: Մյուսները գտնվում են փախստականների նախնական ընդունման կենտրոնում:
Վերջին շաբաթներին աֆրիկացի փախստականները մի քանի անգամ գրոհել են Սեուտայի 8 կմ-անոց պարիսպը: Միայն փետրվարի 17-ին այն փորձել են անցնել մոտ 1000 մարդիկ, որոնցից 55-ին հաջողվել է հայտնվել իսպանական տարածքում: Նրանց մեծ մասը Սահարայից հարավ գտնվող աֆրիկական երկրների քաղաքացիներ են: