News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին փետրվարի 20-ի երեկոյան հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը եւ 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին նվիրել են Ղեւոնդ Ալիշանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու եւ Ներսես Շնորհալու գործերը:

Աշակերտների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ անակնկալի համար, կարեւորել է հասարակության մեջ, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում գիրք նվիրելու ավանդույթի արմատավորվումը: Նա երեխաներին հորդորել է լավ սովորել ու երբեք չհուսահատվել անհաջողություններից. «Կյանքը երբեք միայն հաջողություններից կամ էլ անհաջողություններից կազմված չէ, միշտ էլ անհաջողությանը փոխարինում է հաջողությունը եւ հակառակը, կարեւորը՝ կյանքում չհուսահատվեք եւ առաջ գնաք ձեր ընտրած ազնիվ ճանապարհով»,-ասել է նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարը, օգտագործելով հանդիպման առիթը, հետաքրքրվել է, թե ինչպես են աշակերտներն ընդունում դպրոցում իրականացվող փոփոխությունները` մասնավորապես ավագ դպրոցի բեռնաթափման նախաձեռնությունը. «Շատ լավ, բայց ավելի շատ ուրախացել եմ, որ 4-րդ եւ 9-րդ դասարաններում վերականգնվել է թելադրություն, փոխադրություն գրելու պահանջը, քանի որ դրանց միջոցով կարողանում ես ներկայացնել քո ազատ մտածողության հնարավորությունը»,-ասել է Զավեն Անտոնյանը, ով, ի դեպ, նամակագրության 45-րդ միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր է:

Տպել
Ամենաշատ