News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


290 բնակիչ ունեցող Սեմյոնովկա համայնքում առեւտրի կենտրոն չկա. փայտե փոքրիկ կրպակներում կարող ես գտնել միայն հատուկենտ ապրանքներ ու հաստափոր «նիսյայի տետրեր»:

«Աղջիկ ջան, մարդիկ միայն նիսյայով ապրանքն են մեր մոտից տանում, մնացածը գնում, Սեւանից առեւտուրն անում, գալիս են»,- ասում է խանութի աշխատակցուհին:

Նա հրաժարվում է խոսել տեսախցիկի առջեւ, բայց եւ ցույց է տալիս պարտքացուցակը. գյուղացիները պարտքը մարում են, երբ թոշակ, նպաստ են ստանում, կամ էլ ամուսինները Ռուսաստանից գումար են ուղարկում:

Գյուղից արտագնա աշխատանքի շատերն են մեկնում: Սեմյոնովկայում մնում են ծերերը, կանայք ու երեխաները, իսկ տղամարդիկ էլ վերադառնում են դեկտեմբերին` Ամանորը դիմավորելու համար:

«Աշխատանք չկա գյուղում, երիտասարդությունը պարապ է, ստիպված մեկնում է Ռուսաստան աշխատելու, մեկն էլ` ամուսինս... լավ կլիներ, որ աշխատանք լիներ, մեր տղամարդիկ էլ մեր կողքին լինեին, հատկապես կանանց համար շատ դժվար է»,- ասում է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի բնակիչ Ալինա Խուդաբաշյանը:

Ժամանակին մոլոկաններով հայտնի գյուղում այսօր միայն հայեր են մնացել, ընդամենը 67 տնտեսություն. հենց աշխատանքի պատճառով միայն 5 ընտանիք փակել է տան դռներն ու հեռացել` վերադառնալու մտադրությամբ: Գյուղապետ Դավիթ Մնացականյանը, սակայն, թերահավատ է. «այնտեղի կյանքը տեսնողը» Սեմյոնովկա հետ չի գա:

 «Գյուղում մնացածները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, մոտավորապես 7-8 ամիս ձմեռ է լինում, հետո աշուն, հետո նորից` ձմեռ: Մենք գարուն, ամառ չենք տեսնում, դրա համար էլ գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, որովհետեւ կլիմայական պայմաններ չկան: Բայց օրինակ, անցած տարի գարի ցանեցինք առաջին անգամ, լավ էլ եղավ, ուղղակի տեխնիկա չունենք»,- ասում է գյուղապետը:

Անասնապահությունն էլ գյուղացիների համար համար ձեռնտու չէ. քիչ էր, որ երկու տարի առաջ հիվանդության պատճառով կովերը սատկեցին, կաթն էլ գյուղից այսօր մթերում են 100 դրամով: Գյուղապետը համեմատության համար նշում է` հանքային ջրի կես լիտրը խանութներում վաճառում են 150 դրամով, իսկ իրենցից մեկ լիտր կաթը գնում են ընդամենը 100 դրամով: Գյուղացին էլ շատ հաճախ ստիպված վաճառում է 100 դրամով, քանի որ ձյան առատ տեղումների պատճառով ոչ միշտ է հնարավոր լինում թեկուզ մինչեւ Սեւան հասնել:

«Գոնե Կառավարությունը մի քիչ աջակցեր: Կարեն Կարապետյանն այսօր շատ է խոսում տնտեսության զարգացման մասին, գոնե օգնեին, կաթի մշակման կետ բացեինք գյուղում, մարդիկ եւ աշխատանք կունենային, եւ կաթը տեղում կմշակեին, մի բան կսարքեին ու կծախեին: Ժամանակին մենք եղել ենք տարածաշրջանում կաթի մշակման կենտրոնը, իսկ հիմա միայն գործարանի պատերն են մնացել: Կամ գոնե ջերմոցային մի տնտեսություն հիմնեին»,- շարունակում է Դավիթ Մնացականյանը:

Վերջին տարիներին գյուղացիների կենցաղային պայմանները կարծես բարելավվել են. բնակիչների 70 տոկոսը ջուր ունի, գյուղը գազաֆիկացվել է: Չնայած սրան, մարդիկ շարունակում են աթարով եւ վառելափայտով ջեռուցել տները. գազի սակագինը բարձր է, իսկ իրենք վճարունակ չեն:

Գյուղի առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկն էլ լուսավորությունն է: Սեմյոնովկան գտնվում է Արեգունի եւ Գեղամա լեռների արանքում` լճի մակարդակից 2 հազար 114 մետր բարձրության վրա: Տարվա ընթացքում գայլերը շատ են գյուղ իջնում: Եթե լուսավորություն լինի, նշում է գյուղապետը, մարդիկ մութն ընկնելուց հետո էլ հանգիստ դուրս կգան տներից. «Հիմա հենց մութն ընկնում է, մարդիկ վախենում են տնից դուրս գալ»:

Գյուղացիներին այսօր լուսավորության խնդիրը շատ չի մտահոգում. երկու բան են ուզում. աշխատատեղ ստեղծվի, երիտասարդները ստիպված չլինեն թողնել ընտանիքներին ու մեկնել արտագնա աշխատանքի:

«Մարդիկ չեն կարողանում հացի փող վաստակել, դրա համար թողնում, հեռանում են, գյուղը դատարկվել է ուղղակի, գյուղում մարդ չի մնացել, իրենց օրվա հացի համար գնում են: Աշխատատեղ չկա, անասուններով են ապրում, էն էլ դրանք էլ սատկեցին երկու տարի առաջ, կառավարությունն էլ ոչ մի բանով չօգնեց: Գոնե հողի հարկը չի մի քիչ էժանացնեն… գյուղում մենակ ծերերն են մնացել, որովհետեւ գնալ չեն կարողանում”,- սրտնեղում է գյուղի տարեց բնակչուհիներից Մարուս Թաթարյանցը:

Երկրորդ, Կառավարությունից պատշաճ ուշադրություն իրենց գյուղի նկատմամբ: Ուշադրությունն էլ կարծես ուշանում է:

Տպել
Ամենաշատ