News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի եւ նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ...

Ինչպես բոլորս արդեն քաջատեղյակ ենք վերջին շրջանում ապօրինի կերպով սահմանափակվել է քրեական գործերով որպես պաշտպաններ ներգրավված փաստաբանների տեսակցությունն իրենց պաշտպանյալների հետ, այն պատճառաբանությամբ, թե վերջիններս հրաժարվել են մուտք գործելիս իրենց մոտ առկա փաստաթղթերը զննման համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:

Ստեղծված իրավիճակի մասին օրեր շարունակ օբյեկտիվ գնահատականներ տրվեցին, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ մի շարք փաստաբանների կողմից: Կարծես թե բոլորի համար ակնհայտ է երկու հանգամանք՝

1. Թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաին կենվենցիան, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին (պաշտպանին) տրամադրում են երաշխիքներ առ այն, որ նա իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, մասնագիտական գործունեությունն անմիջականորեն իրականացնելիս չի կարող խուզարկվել, որ փաստաբանի մոտ գտնվող` իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ կրիչները, այդ թվում` համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները եւ այլն, անձեռնմխելի են եւ չեն կարող առգրավվել կամ վերցվել: Բացի այդ փաստաբանն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու եւ ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ:

2. Կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքներն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ կառավարության որոշումներ, արդարադատության նախարարի հրամանները, Քրեակատարողական վարչության ներքին կանոնակարգերը:

ԵՎ ահա, նախօրեին նախաձեռնվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի եւ նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպումը, որը պետք է, որ հանգեցներ իրավիճակի շտկմանը եւ փաստաբանների իրավունքների ոտնահարման դադարեցմանը։

Հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստը, սակայն, ոչ միայն չի վկայում խնդրի լուծման մասին, այլ փաստում է, որ փաստաբանների իրավունքները շարունակաբար խախտվելու են ստանալով նաեւ այլ դրսեւորումներ։

Մասնավորապես, հայտարարության 2-րդ կետի համաձայն. «քրեակատարողական հիմնարկ մուտք եւ ելք գործող անձը, ինչպես նաեւ նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության»։

Երբեք, սակայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց կողմից իրականացվող խուզարկությունը չեն ներկայացրել իբրեւ խուզարկություն, բոլոր դեպքերում այդ գործողությունը ներկայացվել է իբրեւ զննություն։

Հայտարարուփյան տեքստի 3-րդ կետն այն մասին, որ «քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», ինքնին ավելի անհասկանալի է դարձնում իրավիճակը քան առկա էր։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչ ասել է զննել փաստաթուղթը եւ չծանոթանալ դրա բովանդակությանը։

Հայտարարության 5-րդ կետը սակայն գալիս է ապացուցելու, որ այս հայտարարությունն ավելի լավ է չլիներ։ «ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի եւ առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» ձեւակերպումը նշանակում է համակարգչով պաշտպանյալին տեսակցելու բացարձակ արգելք։ Դժվար թե համակարգչային տեխնիկայի որեւէ արտադրող համաձայնվի հատուկ Հայաստանի փաստաբանների համար արտադրել առանց տեսախցիկների, առանց միկրոֆոնների, առանց համացանց մուտքի հնարավորության համակարգիչներ։

Ընդ որում բացարձակ անհասկանալի է, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։ Մասնավորապես դեռեւս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գեւորգ Դանիելյանը բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը։

Բացի այդ հայտարարության վերջին կետն առհասարակ անիմաստ է դարձնում ողջ հայտարարությունը քանի որ ըստ էության ՔԿ ներքին կանոնակարգերը հավասարեցվում են Սահմամադրությանն ու օրենքներին եւ ՔԿ վարչությունը «մեծահոգաբար» համաձայնվում է փոփոխության արդյունքում թույլատրելի դարձնել աշխարհում գոյություն չունեցող համակարգիչներով փաստաբանի մուտքը ՔԿՀ, այն դեպքում, երբ փաստաբանն այդ իրավունքն ունի օրենքի ուժով` իր ցանկացած համակարգչով։

Նման դիրքորոշումը համարում եմ անընդունելի, շարունակելու եմ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել իմ ու պաշտպանյալներիս իրավունքների ոտնահարման դեմ»:

Տպել
Ամենաշատ