News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունն այսօր հրապարակել է ընտրողների նախնական ցուցակները: Դրանք փակցվել են ընտրատեղամասերում, տեղադրվել ոստիկանության կայքում: Ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հարկավոր է մինչեւ մարտի 23-ը դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, արդեն ահազանգում է. Հայաստանում ընտրողների զանգվածային տեղաշարժեր են տեղի ունենում: Փաշինյանը դիմել է ոստիկանություն եւ պարզել, որ մեկ ամսվա ընթացքում՝ հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 10-ը, 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ շարունակում է ուսումնասիրել կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած փաստաթղթերը: ԿԸՀ-ն աշխատում է ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու ժամանակացույցով: Քվեարկության օրը փոխելու հարցում քաղաքական ուժերը, փաստորեն, չկարողացան հաջողության հասնել: ՀԱԿ-ի ստորագրահավաքը ձախողվեց, ՀՅԴ-ն էլ կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե դա Հանրապետական կուսակցությունը նախաձեռներ: Եթե քաղաքական մյուս ուժերը, այնուամենայնիվ, նման բան նախաձեռնեն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կմիանան:

Զարուհի Փոստանջյանը հեռացավ «Ժառանգություն»-ից, բայց Արմեն Մարտիրոսյանը դեռ հույս ունի, որ իրենց ուղիները կխաչվեն: Հարգում է Փոստանջյանի որոշումը, բայց համամիտ չէ նրա հայտարարությանը, որ «Ժառանգություն»-ը հեռացել է իր որդեգրած սկզբունքներից ու գաղափարներից:

Մարտիրոսյանն անդրադարձել է նաեւ Սեյրան Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին հարաբերություններին եւ խնդրել չշահարկել երբեմնի տարաձայնությունները:

Հայ ազգային կոնգրեսն էլ ընտրությունների է գնում՝ երկիրը դեպի լավը փոխելու ցանկությամբ: Ու թեեւ ՀԺԿ-ի հետ դաշինք կազմելու արդյունքում ստիպված կլինի հաղթահարել ոչ թե ձայների 5, այլ 7 տոկոսի շեմը, բայց, Արամ Մանուկյանի հավաստմամբ, դրանից չեն վախենում. եթե խորհրդարան չանցնեն, նշանակում է՝ այնտեղ անելիք չունեն:

Արցախը նոր Սահմանադրություն ունի: Հրապարակվել են նախօրեին կայացած հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկած քաղաքացիների 87.6 տոկոսը, դեմ՝ 9.7 տոկոսը:

Կարեն Կարապետյանը ցանկացած ոլորտում ծախսերի արդյունավետություն է պահանջում: Այսօր այդ մասին խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Հիշեցրել է, որ միջոցները Հիմնադրամին պետբյուջեից են տրամադրվում, եւ պահանջել դրանց ծախսման տրամաբանությունը ներկայացնել: Հակառակ դեպքում, ըստ Կարապետյանի, ավելի լավ կլինի որեւէ արտադրություն հիմնել եւ մարդկանց աշխատանքով ապահովել:

Իսկ փետրվարի 23-24-ը վարչապետը բավական մեծ պատվիրակությամբ պաշտոնական այցով Վրաստանում կլինի: Պատվիրակության կազմում մի շարք նախարարներ եւ փոխնախարարներ կան, ընդհանուր առմամբ՝ 20 մարդ:

Հայկական դեղորայքի շուկայում կեղծված դեղեր են հայտնաբերել՝ հակաբիոտիկ Ցեֆտրիակսոն-Աստերիա եւ ճնշող իջեցնող Պրեստանս: Կասկածելի դեղերը փորձաքննության են ուղարկել, արդյունքում կեղծիքը հաստատվել է: Դրանք հայտնաբերել են Երեւանում, ինչպես նաեւ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի դեղատներում:

Կասկած են հարուցել սերիայի տարբերությունն ու հսկիչ դրոշմապիտակի բացակայությունը: Փորձաքննությունից հետո պարզ կդառնա, դեղամիջոցը կեղծ է քիմիական բաղադրությամբ, թե՞ պարզապես վերափաթեթավորել են ժամկետանց դեղորայքը: Դատելով տուփից՝ կեղծ Պրեստանսը Ռուսաստանում են փաթեթավորել, բայց գրությամբ այն տարբերվում է Հայաստանում եւ Ռուսաստանում գրանցված փաթեթավորումից: Արդեն հրահանգվել է հետ կանչել եւ ոչնչացնել նշված դեղամիջոցները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջը՝ Մեհրիբանին, երկրի առաջին փոխնախագահ է նշանակել: Պարզաբանել է. իր կինն աչքի է ընկել հասարակական-քաղաքական, մշակութային ու միջազգային արդյունավետ գործունեությամբ: Քաղաքագետների կարծիքով, սա ընդամենը սուլթանություններին բնորոշ տրամաբանություն է, իշխանությունն ընտանեկան նեղ շրջանակում պահելու ձգտում:

Գեղարքունիքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհին «Mitsubishi» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Պատահարի հետեւանքով 56-ամյա ուղեւորը տեղում մահացել է: Մեքենայում գտնվող Ծակքար գյուղի երկու բնակիչներին հիվանդանոց են տեղափոխել: Տուժածների վիճակը բավարար է:

Փետրվարի 21-ին դոլարի փոխարժեքը շարունակել է աճել, իսկ եվրոն զգալիորեն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 513, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 605 դրամ:

Փետրվարի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ