Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի հանգուցալուծման որոնումը շարունակելուն: Այս մասին փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը կողմ է, որ շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի հանգուցալուծումները՝ այն փաստաթղթերի համաձայն, որոնք վերջին տարիներին ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարները»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշել է, որ Մոսկվան գործընկերների հետ ակտիվորեն այնպիսի քայլեր է կատարում, որոնք թույլ կտան կառուցողական բանակցությունների համար լավագույն պայմաններ ստեղծել, կլիցքաթափեն էմոցիոնալ մթնոլորտը: «Եվ քայլեր, որոնք թույլ կտան բանակցությունների սեղանի շուրջ քննարկել այն առաջարկները, որոնք առաջադրել է ռուսական կողմը եւ աջակցում են ամերիկյան ու ֆրանսիական կողմերը»,- նշել է Լավրովը: