News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլխավոր շտաբների պետեր Վալերի Գերասիմովը եւ Ջոզեֆ Դանֆորդը հանդիպել են Բաքվում:

Հանդիպումը տարածաշրջանային լրատվամիջոցներում լայնորեն չի լուսաբանվել, սակայն ամբողջ տարածաշրջանի համար դրա կարեւորությունը դժվար է թերագնահատել, հատկապես այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը հետեւում է Վաշինգթոնի նոր վարչակազմի յուրաքանչյուր քայլին եւ Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությանը:

Սա 2014 թվականին Բրյուսելում ԱՄՆ գլխավոր շտաբի այդ ժամանակվա պետ Մարթին Դեմփսի հետ Գերասիմովի հանդիպումից ի վեր նման մակարդակով առաջին հանդիպումն է:

Ամերիկյան եւ ռուսական կողմերի պաշտոնական հայտարարություններում նշվել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ աշխարհի այլ առանցքային տարածաշրջաններում միջազգային անվտանգության ոլորտի վիճակը: Կողմերը քննարկել են նաեւ ռազմական գործունեության անվտանգության մեծացման, լարվածության թուլացման եւ միջադեպերի առաջացման ռիսկերի նվազեցման համատեղ աշխատանքի ուղղությունները:

Հանդիպումն ինքնին

Ամերիկյան եւ ռուսական բանակների պետերի հանդիպումը կարեւոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով Վաշինգթոնի նոր վարչակազմը եւ Սիրիայի խնդիրները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը:

«Այսպիսով, հանդիպումը ցանկալի նախանշան էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հասկանում են երկու երկրների զինված ուժերի հրապարակային կապերի կարեւորությունը»,- նշեց նա:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես կարծում է, որ հանդիպումը շատ կարեւոր էր: Նրա խոսքով՝ հարկ է նշել, որ սա 2014-ից ի վեր ոչ միայն նման մակարդակով առաջին հանդիպումն էր, այլեւ Դանֆորդի եւ Գերասիմովի առաջին հանդիպումը:

«Շփումներն ուղղված են «կապի ուղիները» բաց պահելուն, որն ինչ-որ չափով նման է ԱՄՆ-ի եւ այդ ժամանակ Խորհրդային Միության միջեւ սառը պատերազմի տարիների «թեժ գծին»: Այդ հանդիպման կարեւորության երկրորդ գործոնն այն է, որ Գերասիմովն ավելին է, քան Ռուսաստանի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի պետը: Նա նաեւ պաշտպանության առաջին փոխնախարարն է, ինչը վկայում է, որ բանակցությունները կարող էին լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ նոր, ավելի սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու Թրամփի վարչակազմի փորձի մի մասը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Հանդիպման վայրը արդյոք կարեւո՞ր է

Ի պատասխան հանդիպման անցկացման վայրի ընտրությանը վերաբերող հարցին, Ռիչարդ Կոզլարիչը նշեց, որ այս հարցը «առանձնապես կարեւոր չէ»: «Բաքուն Մոսկվայի, Վաշինգթոնի կամ Եվրոպայի միջեւ տեղադրված փոխզիջումային վայր է համարվել: Երկու ղեկավարներն օգտվեցին ընձեռված հնարավորությունից եւ Բաքվում առաձին երկկողմ հանդիպումներ ունեցան Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումը Ադրբեջանի կառավարությունը չի կազմակերպել եւ չի մասնակցել ռուս եւ ամերիկացի զինվորականների երկկողմ բանակցություններին»,- հավելեց նա:

Մինչդեռ Ռիչարդ Կիրակոսյանը Բաքվի ընտրությունը Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի մոտեցման տեսակետից ռազմավարական նոր փոփոխության նշան է համարում: «Իրականում Վաշինգթոնը Ադրբեջանին ավելի հաճախ է դիտարկում որպես երկիր, որը ավելի շատ է շահագրգռված եւ ավելի ակտիվորեն է խորացնում կապերը ոչ թե Արեւմուտքի, այլ Ռուսաստանի հետ: Դա կարող է նաեւ այն բանի ակնարկ լինել, որ Վաշինգթոնը կսկսի ավելի մեծ ջանքեր ներդնել ադրբեջանցիներին «խաղարկել» փորձելու համար, չնայած հաշվի առնելով, որ Ռուսաստանը Բաքվին զենքի թիվ մեկ մատակարարն է, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ցանկացած նման փոփոխություն դժվար թե աշխատի»,- ամփոփեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ