News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը մեկնաբանեց վերջերս ԱԺ-ում ընդունված «Պետգնումների մասին» օրենքի նոր խմբագրված տեքստը, նաեւ կառավարության 168 որոշման մեջ կատարված փոփոխությունները՝ Հայաստանի եւ ԵՏՄ-ի մյուս երկրների ձեռնարկությունների համար պետական մրցույթների նոր ռեժիմի մասին:

Ինչպե՞ս եք բացառել պետգնումների ընթացքում հովանավորչության վտանգը:

Մեր գլխավոր նպատակը հայտերի գնահատումն անկախ եւ թափանցիկ դարձնելն է: 2017 թվականի հունվարից գնային հայտերը հրապարակվում են պետգնումների մեր պաշտոնական կայքերում՝ gnumner.am եւ armeps.am: Դրանք հրապարակվում են հայտերով ծրարները բացելուց անմիջապես հետո: Դրանից հետո յուրաքանչյուր անձ կարող է դրանք գնահատել, իսկ հիմքեր ունենալու դեպքում ժամկետի սահմաններում բողոքարկել:

Ըստ որում՝ Բողոքարկման խորհուրդը մենք պետական ապարատից անկախ կդարձնենք: Հիմա թեկնածուներին կընտրեն նրանց թվից, ովքեր պետական ծառայության մեջ չեն: Նրանց կառաջադրի վարչապետը, կնշանակի նախագահը: Խորհրդի անդամները կվճարվեն, բայց աշխատավարձ չեն ստանա: Այլ խոսքով՝ նրանք ոչ մի գերատեսչությունից կախում չեն ունենա, նրանք գործատու չեն ունենա: Խորհուրդը կազմված կլինի առավելագույնը 3 մարդուց, իսկ սկզբում ավելի շուտ՝ մեկ-երկու մարդուց, եթե բողոքները շատ չլինեն: Համառոտ այսպիսին են բողոքարկման գործընթացում կատարված բարեփոխումները: Հիմա խոսենք այն մասին, թե մենք մրցույթներում, ըստ էության, ինչ ենք փոխելու:

Ինչ վերաբերում է հովանավորչությանը, ապա օրենքի նոր խմբագրմամբ նախատեսվում է, որ եթե մրցութային հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը կամ նրանց հետ փոխկապակցված անձինք մրցույթին մասնակցող ընկերությունում սեփականություն ունեն, պետք է այդ մասին հայտնեն եւ գնահատմանը չմասնակցեն:

Խորհրդարանում քննարկումների ժամանակ ընդդիմությունը նշել է, որ փոխկապակցված անձանց շրջանակը չափազանց նեղ է: Հաշվի առնելով Հայաստանում ազգակցական կապերի նշանակությունը…

Փոխկապակցված մարդկանց շրջանակը 1-ին եւ 2-րդ աստիճանի ազգակցական կապն է: Այսինքն՝ ամուսինը/կինը, եղբայրը, քույրը, հայրը եւ մայրը, նաեւ ամուսնու/կնոջ եղբայրները, քույրերը եւ ծնողները (զոքանչ, սկեսուր եւ այլն): Եթե սրան ավելացնենք հորեղբորը/քեռուն, զարմիկներին, վարորդին եւ այլն, ապա այդպես մենք մեկ մրցույթում կընդգրկենք երկրի կեսին: Փոխկապակցված անձ հասկացությունը պետք է ինչ-որ ձեւով սահմանափակված լինի: Ցանկանում եմ ընդգծել, որ ոչ ոք չի ասում, որ այսպիսի ընկերությունները մրցույթին չեն կարող մասնակցել: Եթե նրանք շահավետ գին են առաջարկում եւ նորմալ որակ, խնդրեմ, պետության համար ավելի լավ կլինի: Պարզապես եթե մրցութային հանձնաժողովում նրանց ազգականն է ընդգրկված, նա նրանց հայցը գնահատել չի կարող: Այսպիսով՝ մենք բացառում ենք ազդեցության հնարավորությունը ե՛ւ «պլյուս» նշանով  (յուրայիններին հովանավորելու), ե՛ւ «մինուս» նշանով (օտարների խտրականության): Որովհետեւ, ինչպես ասացի, բացառված է, որ ինչ-որ մեկը հայտերը մինչեւ բացելը տեսնի: Հետեւաբար ոչ մեկը ոչ ոքի չի կարող ստիպել հայտը հետ վերցնել՝ ոչ մի պաշտոնյա կամ ազդեցիկ մրցակից: Իսկ հայտերը բացելուց հետո դրանք անմիջապես միաժամանակ բոլորն են տեսնում՝ ե՛ւ մրցութային հանձանաժողովը, ե՛ւ մրցույթի մասնակիցները, ե՛ւ լրագրողները, ե՛ւ հասարակական կազմակերպությունները, ե՛ւ ընդհանրապես բոլորը, ում դա հետաքրքիր է:

Կառավարության որոշման մեջ նշված է պետգնումների կենտրոնացված բազայի մասին: Եթե դա ավելի արդյունավետ է, ապա ինչո՞ւ նախկինում վերացվեց Պետգնումների գործակալությունը:

Պետգնումների նախկին գործակալությունը պարզապես պետգնումների կենտրոնացված օպերատոր էր եւ իրականացնում էր տեղերից ստացված հայտերը: Հիմա նույնատեսակ ապրանքների եւ ծառայությունների գնումները կկատարվեն կենտրոնացված կարգով, դրանք հնարավոր կլինի մեծ ծավալով գնել եւ դրա վրա տնտեսել: Այդ ապրանքների եւ ծառայությունների անվանացուցակը կառավարությունը կհաստատի: Հայտերի մշակման եւ կենտրոնացման ՏՏ ծրագիրը կներդնենք ապրիլի 1-ից: Ապրիլի 1-ից նաեւ ծրագիր կներդրվի, որով    հնարավոր կլինի տեսնել, թե գնված ապրանքը երբ է պատվիրատուին հասել, երբ է այն ընդունվել, արդյոք որակը համապատասխանում է պայմանագրի պայմաններին:

Նախկինի պես պարտադի՞ր է պետմրցույթին մասնակցելու համար աուդիտ անցնելն ու հարկային պարտքեր չունենալը:

Մենք ցանկանում ենք մրցույթներին մասնակցությունը հեշտացնել: Ընկերությունների աուդիտ անցնելը պարտադիր չէ: Դրանից զատ, գնային հայտում պետք չէ հայտարարված գինը ինքնարժեքի, շահույթի եւ ԱԱՀ-ի բաժանել: Հիմա բավական է միայն ընդհանուր գինը ցույց տալ եւ ԱԱՀ-ը: Այս դեպքում հարկ չի լինի ժամանակից շուտ  հայտարարել ենթադրվող շահույթի մասին, տարբեր ստուգումների օբյեկտ դառնալ: Ինչ վերաբերում է հարկային պարտքերին, ապա ընկերություններին թույլ կտրվի մրցույթներին մասնակցել, եթե նրանց պարտքը մեծ չէ՝ մրցույթի գնի մինչեւ 1 տոկոսը, բայց 50 հազար դրամից ոչ ավելի: Իհարկե, պետության առաջ պետք է ճշտապահ լինել նաեւ փոքր չափերի դեպքում: Սակայն ոչ մեծ սխալների համար չարժե աշխատելու հնարավորությունից զրկել:

Կառավարությունը 168 որոշման մեջ կատարվող փոփոխություններով ցանկանում է Հայաստանի եւ ԵՏՄ երկրների մատակարարների համար պետմրցույթներում 15 տոկոսի գնային արտոնությունները չեղյալ համարել: Դա չի՞ հակասում ԵՏՄ-ի կանոններին:

Չի հակասում: ԵՏՄ-ի կանոնակարգով հրահանգվում է քո երկրի համար ավելի լավ պայմաններ չստեղծել, քան մյուս 4 երկրների: Իսկ մենք արտոնությունը չեղարկել ենք ինչպես ԵՏՄ-ի մյուս երկրների, այնպես էլ մեզ համար: Այսինքն՝ պայմանները հավասար են մնացել, եւ խոչընդոտներ չենք ստեղծում ԵՏՄ-ի մյուս երկրների բիզնեսի համար: Իսկ տնտեսած միջոցների հաշվին թույլատրված մեթոդներով (սուբսիդիաների եւ այլ միջոցներով) կաջակցենք մեր ձեռնարկատերերին, որոնք կառավարությունը ավելի ուշ կհաստատի:

Իսկ մեր ընկերությունները մրցույթների մասնակցե՞լ են Եվրասիական միության մյուս երկրներում:

Այս 2 տարվա ընթացքում միայն 1-2 հայտ է եղել: Ուղղակի մրցութային լոտերը մեր չափանիշներով բավական բարձր են: Բայց մենք որեւէ բողոք չենք ստացել այն մասին, որ ԵՏՄ-ի մյուս երկրներում հայկական ընկերությունների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում: Այս շուկան բաց է, եւ մեր բիզնեսը ջանալու  պատճառ ունի:

Վերջում ցանկանում եմ կրկնել՝ մենք ոչ միայն չենք խուսափում, այլեւ ինքներս ենք կոչ անում հետեւել պետգնումների անցկացմանը: Բոլոր հիմնավորված բողոքները եւ առաջարկները ողջունվում են: Հենց դրա համար մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ մրցույթների մասին տեղեկությունները լիովին թափանցիկ եւ հանրությանը հասանելի լինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ