Ինձ իշխող կուսակցության նախընտրական քարոզչությամբ զբաղվելու հանձնարարություն չի տրվել, ինձ հանձնարարել են աշխատել: Փետրվարի 23-ին կայացած ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Հերթական անգամ պատասխանելով որպես ՀՀԿ-ի անդամ կուսակցության նախընտրական արշավին մասնակցելու մասին հարցին՝ Արամյանը հիշեցրեց, որ Հանրապետականի համապետական ընտրացուցակում իր անունը չկա, իսկ ֆինանսների նախարարի աշխատանքը մասնագիտական պարտականությունները կատարելն է:
«Շատ ուրախ եմ, որ կատարեցինք այն, ինչ խոստացել էինք մի քանի ամիս առաջ: Ես մի քանի անգամ այդ մասին զեկույցով եմ հանդես եկել: Օրինակ՝ մենք բարեփոխումներ ենք կատարել պետգնումների համակարգում, ինչի մասին խոսել ենք 3-4 ամիս առաջ»,- նկատեց նախարարը:
Արամյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիներին իշխանությունն ավելի երկարաժամկետ հաջող ծրագրեր է ունեցել: Դրանց թվում նա նշել է երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով բնակարանաշինության ծրագիրն ու կուտակային կենսաթոշակային բարեփոխումը:
«Խոսքը մեր երկրի լավագույն բարեփոխումներից մեկի մասին է, եւ տարիներ անց դա ակնհայտ կդառնա: Եվ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ հարեւան Վրաստանը, այս հարցում մեզանից բավական հետ են մնացել: Այնտեղից մմի քանի անգամ մեր գործընկերները եկել են՝ մեր փորձին ծանոթանալու»,- վստահեցրեց նախարարը:




























