Ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալեվ հարցին, թե հնարավո՞ր է,  որ մամուլի լուրերը իրականությանը համապատասխանեն և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի չարաշահումների համար:

«Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, թե կարող եմ այս պահին մեկնաբանել՝ արդյոք կա քրեական գործի հիմք: Մենք հերթով լուծելով խնդիրները, քայլ առ քայլ փորձում ենք բարձրացնել հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը: Կարծում եմ, դու շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ այն խախտումը, որը քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին կիրազեկվեն»:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին. «Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել: Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում եւ բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»,-գրել թերթը: