News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պետությունը  տարրական դասարանների աշակերտներին, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  ապահովում է  անվճար դասագրքերով, որը  ողջունելի է, սակայն 5-12-րդ դասարանների այն դասագրքերը, որոնք  ստեղծվում են մրցույթներով եւ տպագրվում են Դասագրքերի շրջանառու հիմնադրամի  միջոցներով, դրված են  համապատասխան կայքերում,  իսկ 1-3-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակները  դրված չեն (հավանաբար   դասագրքերի հեղինակային իրավուքները պաշտպանելու նպատակով): Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարություն է տարածել Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի  ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Նա հայտարարությունում, նաեւ նշում է.

«Այդ դասագրքերի   էլեկտրոնային  տարբերակների կարիքը համապատասխան կայքերում  շատ կա եւ  կարող է  շատ խնդիրներ լուծել: Մասնավորապես, վերջերս   բախվեցի հետեւյալ փաստի հետ: Վանաձորի թ.6 դպրոցի 3-րդ դասարանում  է սովորում տեսողության  ծանր  խանգարում  ունեցող  մի երեխա, ում կրթությունը կազմակերպելու համար  անհրաժեշտ էին 3-րդ դասարանի դասագրքերի  էլեկտրոնային տարբերակները, որպեսզի համակարգիչը կարդար երեխայի համար: Պարզվեց՝ դրանք չկան: Վստահ եմ, որ  այս խնդրի առջեւ  կանգնում են նաեւ տեսողության խանգարում ունեցող երեխաների թ.14 հատուկ դպրոցի ուսուցիչները, որովհետեւ  ամեն տեղ կան համակարգիչներ, որոնք համապատասխան ծրագրերով ներբեռնելու դեպքում երեխան  կարող է լսել ցանկացած դասն ու  շատ դեպքերում այս մեթոդն ավելի  մատչելի կարող է լինել աշակերտի համար: Այս   հնարավորությունից  նրանք  փաստորեն զրկված են:

Այսօր նամակով դիմեցի ԿԳ նախարար պարոն Լեւոն Մկրտչյանին.

«Այս հարցը բարձրացնում եմ  ԿԳ նախարարության աշխատակազմի առջեւ ու հույս հայտնում, որ  1-3-րդ դասարանների դասագրքերն էլ կունենան  իրենց էլեկտրոնային  տարբերակները: Հարգելիներս,  իմացեք, որ  առնվազն մեկ երեխա՝ վանաձորցի Ալիկը, անհամբեր սպասում է իր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներին, որովհետեւ  ինքը սովորում է վանաձորյան հանրակրթական դպրոցում ու  բրայլյան դասագրքեր չունի, բայց ունի հայերեն խոսող համակարգիչ, որն իր համար կկարդա ցանկացած դասագիրք, ինչպես կարդում է  Ալիկի  սիրած հեքիաթների  խոսող տարբերակները»: Ալիկն անհամբեր սպասում է ԿԳ  նախարարության  պատասխանին:

Տպել
Ամենաշատ