News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական կողմը վաղ առավոտից հրետակոծել է Թալիշը: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ինտենսիվ կրակ բացած հակառակորդի թիրախում հենց Թալիշ բնակավայրն է եղել: Հրետակոծության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պատասխան կրակ են բացել: Առաջնագծում իրադրությունն արդեն համեմատաբար հանգիստ է:

Նախընտրական քարոզչությունը դեռ չի սկսվել, իսկ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված կուսակից թեկնածուների միջեւ ընդհարումներն արդեն սկսվել են: Մասիսում երեկ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետականի ցուցակով նույն ընտրական տարածքում առաջադրված Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի կողմնակիցների միջեւ: Վերջինը, ի դեպ, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Մուրադ Մուրադյանին դուր չի եկել, որ Արայիկ Գրիգորյանը նախընտրական շտաբ է բացել Մասիսում իր շտաբի կողքին, չնայած կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Գրիգորյանը չպետք է Մասիսում գործունեություն ծավալի: Զայրացած Մուրադյանը «մարդ է ուղարկել» Գրիգորյանի շտաբ, որոնք էլ ծեծել են շտաբի աշխատողներից մեկին: Այլ տեղեկությունների համաձայն էլ՝ վեճի պատճառը եղել է այն, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսը որոշել են սատարել Արայիկ Գրիգորյանին: Մուրադ Մուրադյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ վիճաբանության առիթը շտաբն է. «Շտաբ են բացում՝ թող բացեն, ես ո՞վ եմ, որ որեւէ մեկին արգելեմ կամ չարգելեմ»:

«Երկու քարի արանքում» կարող է հայտնվել նաեւ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ընտրացուցակով առաջադրվել են Ռոբերտ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը: Սարգսյանը քաղաքապետի աներորդին է, Պողոսյանը՝ մտերիմ ընկերը: Տարոն Մարգարյանը, սակայն, դրանում խնդիր չի տեսնում եւ պարզաբանում է, թե ինչու:

Տարոն Մարգարյանը խուսափում է նաեւ կարծիք հայտնել Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի մասին: Մամուլում ձայնագրություն էր տարածվել, որում Գալուստ Սահակյանի հարսը, տեղյակ չլինելով, որ լրագրողի հետ է խոսում, քննարկում էր ամուսնու օգտին քվեարկելու համար հաշվառվելու հարցը: Նաեւ տեղեկություններ կան, որ նա իր ենթականերին հրահանգում է մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է նրա ամուսինը՝ Արման Սահակյանը: Քաղաքապետին այս ամենի մեջ մտահոգում է միայն հարցը՝ արդյո՞ք նա աշխատանքային ժամերին է հրահանգներ տվել:

Ամեն ինչ հարթ չէ նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մաս կազմող «Ժառանգության» ներսում: Կուսակցության մի խումբ անդամներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են դիմել եւ պահանջում են չգրանցել «Ժառանգություն»-ից թեկնածուներին: Հիմնավորում են, թե կուսակցության ներկայիս վարչությունը լեգիտիմ չէ, չէր կարող ընտրություններին մասնակցելու որոշում ընդունել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք չուներ ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կազմում մասնակցելու մասին համաձայնագիր ստորագրել:

ԿԸՀ-ն մերժել է դիմումը: «Ժառանգություն»-ում պնդում են, որ վարչության լեգիտիմության խնդիր չկա, իսկ դիմումի հեղինակները կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանի կողմնակիցներն են:

Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված ճգնաժամը, կարծես, հաղթահարվում է. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կհեռանա: Գարեգին 2-րդ կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Պոլսո պատրիարքարանի երեք միաբանները երկու օր շարունակ քննարկումներ են ունեցել Էջմիածնում: Արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանում Եկեղեցական ժողով գումարել եւ տեղապահի ընտրություն կատարել: Այդպիսով կդադարեցվեն Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները, իսկ հետո կնախապատրաստվեն Պոլսո պատրիարքի ընտրությանը:

Նոր կարգը սկսել է գործել: Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Ներքին անձնագրով արդեն Հայաստան է ժամանել 27 քաղաքացի: Նշենք, որ կարգը գործում է միայն «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում: Ցամաքային ճանապարհով ներքին անձնագրերով Հայաստանի սահմանը հատել հնարավոր չի լինի:

Կոտայքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ջրվեժ գյուղում իրար են բախվել «Նիսսան» եւ «ՎԱԶ 2106» մակնիշների մեքենաները: Մարմնական վնասվածքներով 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը ժամկետային զինծառայող է:

Կարճատեւ դադարից հետո դոլարը նորից սկսել է թանկանալ, դիրքերն են ամրապնդում նաեւ եվրոն ու ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 41 լումա, ֆունտինը՝ 610 դրամ:

Փետրվարի 25-ին նույնպես հանրապետությունում տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկային ժամերին, կբարձրանա 4-5 աստիճանով: Երեւանում վաղն առանց տեղումների եղանակ կլինի: Գիշերը կդիտվի -8-10 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ