News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք: Այս մասին կոչ է տարածել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր,

Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը:

Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացի մեջ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելու եւ հզոր ու արդար Հայրենիք ունենալու հրամայականը:

Ժամանակն է, որ շրջվենք ու ասենք ինքներս մեզ՝ փոխել կարող ենք միայն մեր ուժով ու մեր խելքով:

Մեր անկախության ճանապարհին ունեցել ենք հաջողություններ, նաեւ սխալներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գիտակցել ենք բացթողումները, եւ հերթական սխալները թույլ տալու իրավունք այլեւս չունենք:

Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները: Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով:

Մենք գնում ենք փոփոխությունների եւ այդ հորիզոնին հասնելու համար ունենք մեկ հստակ բանաձեւ՝ հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում եւ ծրագրեր, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան միջավայրը որակապես փոխելու համար:

Մենք հրավիրում ենք սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին՝ առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար:

Այս առումով սփյուռքը մեզ համար առավելություն է: Չօգտագործել սփյուռքի ներուժը, նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված: Չտրամադրել սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին, նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

Սփյուռքի մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում․ յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ, վստահ եմ, նոր լիցք եւ ոգեւորություն կհաղորդի մեզ, որի արժեքավորումը, գուցե, հաշվարկելի չէ, բայց արդյունքը միանշանակ կարող է բերել աշխարհայացքի փոփոխության, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականության, կառավարման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման: Սա արդեն կլինի բոլորիս հաջողությունը:

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր:

Պահպանելով ավանդական արժեքները՝ միաժամանակ բաց եւ հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաեւ ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին:

Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, ես ներքին համոզմունք ունեմ, որ բոլորիդ ուշքն ու միտքը Հայաստանում է, եւ բոլորիդ մոտ հպարտության ու արժանապատվության զգացողությունը պայմանավորված է նաեւ Հայաստանի բարեկեցությամբ: Ուրեմն ամեն ինչ անենք, որպեսզի մեկս մյուսին ուժեղացնենք, միավորվենք ու միասին կառուցենք երկրի ապագան, որպեսզի մեր երեխաները վստահ լինեն, որ Հայաստանը ժամանակ անց չի զիջելու առաջադեմ այն երկրներին, ուր հայերը հաճախ գնում են լավ կյանքի ակնկալիքով:

Վստա ՛հ եղեք, ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու:

Մեր երկրի ապագայով մտահոգ, անհանգիստ ու պարզապես սրտի կանչ ունեցող յուրաքանչյուր հայ մարդ անելիք ունի այս ճանապարհին:

Անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական դիրքից՝ մենք բոլորս ունենք մեկ գաղափար, որի շուրջ պետք է միավորվենք եւ համախմբվենք՝ ուժեղ, պատմական արժեքներն ու ավանդույթները պահպանող, բայց եւ ժամանակակից, հպա՛րտ Հայաստան:

Կոչ եմ անում՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք:

Սիրով սպասում ենք ձեզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ