News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչներն արդեն մեկ ամսից ավելի ջուր չունեն, մինչ դեռ ներկայիս ու նախկին համայնքապետերը զբաղված են միմյանց մեղադրելով: Ծաղկաշենի նախկին գյուղապետ Սերյոժա Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները ջուր չունեն, իսկ ԲՀԿ-ական նոր համայնքապետ Գրիշա Կարապետյանը խնդրի լուծման համար ոչինչ չի անում: ԲՀԿ-ական Գրիշա Կարապետյանն էլ, սակայն, նշեց, որ գյուղում ստեղծված իրավիճակի մեղավորը նախկին համայնքապետն է, որը չի վերահսկել գյուղի ջրագծի կառուցման աշխատանքները եւ թերի կատարված աշխատանքի հետեւանքով Ծաղկաշենցիները զրկված են խմելու ջրից:

«Խողովակներն այնքան նոսր են թաղված, որ սառել է ջուրը,  հիմա էլ ահազանգում են, թե ջուր չկա: Ես իմ կողմից բերել եմ տրակտորը, փորել ենք, ջուրը բացել ենք, ամեն ինչ արել ենք, որ ջրամատակարարումը վերականգվի, հիմա էլ ջուրը կա, բայց պղտոր է: Էդ ջուրը մենակ անասունների համար կարելի է օգտագործել»,-ասաց նա:

Համայնքապետի խոսքով, ժանգոտ ջրի պատճառը հին խողովակներն են. «Ինչ-որ տեղից խողովակները վնասված են, երեւի բաց տեղ կա ու կեղտաջուր է խառնվում: Չենք կարողանում բաց տեղը հայտնաբերել, որ փակենք, կարգավորվի խնդիրը: Դիմել ենք մարզպետարանին, քաղաքաշինության նախարարությունից էլ են եկել ծանոթացել, ամեն ինչ արել ենք, որ գյուղի ջրամատակարարումը վերականգնվի, հիմա ես նորից չեմ կարա էդ 30 կմ քանդեմ, որ հասկանամ՝ որտեղ է բաց տեղը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Ծաղկաշենի բնակիչներից Վրույր Մակարյանը նշել էր, որ գյուղի ջրի խողովակները ցրտից սառել են, որի հետեանքով 20 օրից ավելի գյուղում ջուր չի եղել, իսկ ջրի մատակարարման վերականգնումից հետո այժմ ծորակից կեղտոտ ջուր է հոսում, որն անհնար է օգտագործելը:

Նրա խոսքով գյուղացիները մեկ ամիս շարունակ ձյուն են հալեցնում ջուրն օգտագործելու համար, իսկ խմելու ջուր ստիպված են լինում խանութներից գնել, կամ հարազատներին խնդրել, որպեսզի այլ բնակավայրերից ուղարկեն:

Տպել
Ամենաշատ