ՀՀ քաղաքացիները եւ նրանց ժառանգները կկարողանան ավելի արագ ստանալ կուտակային կենսաթոշակային հաշիվներից գումարները՝ հիվանդության կամ մահվան դեպքում։ Այս մասին Հայաստանի խորհրդարանում փետրվարի 28–ին հայտարարել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխության նախագիծը եւ մի շարք այլ կից օրինագծեր։
Նրա խոսքով՝ կուտակված կենսաթոշակային հաշվեհամարները կառավարող կենտրոնական դեպոզիտարիումը պարտավոր կլինի հարթել տվյալների փոխանակումը նոտարիատի եւ այլ մարմինների հետ, որպեսզի քաղաքացիներն ավելի արագ ստանան գումարները շտապ բժշկական օգնության դեպքում կամ նրանց ժառանգները՝ նրանց մահվանից հետո։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին պարտադիր կարգով մասնակցում են 1974–ին եւ ավելի ուշ ծնված ՀՀ քաղաքացիներ, այսինքն՝ մինչեւ 43 տարեկանները։ Այնուամենայնիվ, նրանց՝ կյանքից հեռանալու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Այդ դեպքում նրանց ժառանգները պետք է առանց խոչընդոտի եւ կարճ ժամանակահատվածում ստանան գումարը կուտակային հաշվից։
Պետական ոլորտի աշխատակիցների համար (1974 թվականի ծնված եւ փոքր) կենսաթոշակային բարեփոխումները ուժի մեջ է մտել 2014–ի հուլիսի 1–ից, իսկ մասնավոր ոլորտի համար (միեւնույն տարիքի աշխատակիցների համար) այն պետք է գործեր 2017–ի հուլիսի 1–ից։ Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2018–ի հուլիսի 1–ը։