News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման եւ քաղաքական կոալիցիաների ձեւավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Բրյուսելում «Քարնեգի» կենտրոնում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Ամուր քաղաքացիական հասարակությունը, իշխանության ճյուղերի տարանջատմանը զուգահեռ, զսպումների եւ հակակշիռների լավագույն մեխանիզմներից մեկն է:

Հենց դա էր մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու շարժառիթը, որի մեջ մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու տարի: Նորացված Սահմանադրությամբ մեր երկրում հստակեցվեց իշխանության տարբեր ճյուղերի իրավասությունների շրջանակը՝ շեշտադրելով բոլոր ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու քաղաքացիների ձայնի լսելիությունը։

Արդյունքում, մեր երկրում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձեւավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները։ Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման եւ քաղաքական կոալիցիաների ձեւավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում եւ որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները:

Հայաստանն իր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց՝ ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից՝ այնպիսի սահմանադրական համակարգի ձեւավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երեւույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եւ լավագույն պայմաններ կապահովի երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար:

Գալիք շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն. ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության եւ նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության եւ կոնսենսուսի արդյունք էր: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ։ Ավելին, անսալով ընդդիմության ցանկությանը՝ մենք համաձայնեցինք ներդնել ընտրությունների անցկացման այնպիսի թափանցիկ նորամուծություններ, որոնց հանդեպ վերապահումներ ուներ նույնիսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը: Բայց մենք գնացինք այդ քայլին, քանի որ այս փուլում ամենից կարեւորն ընթացող գործընթացների նկատմամբ վստահության բարձրացումն է:

Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնում միջազգային մեր բոլոր գործընկերներին եւ, մասնավորապես, Եվրոպական միությանը, գործընթացի ամենասկզբից մեզ աջակցելու համար: Իրականացված բարեփոխումների ընթացքն ու արդյունքները բարձր գնահատականի են արժանացել մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպական միության կողմից:

Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ՝ իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, եւ ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը:

Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս մեր գլխավոր նպատակը ուղղակի խորհրդարանական համակարգի ներդրումը չէր, այլ ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդումը՝ իշխանության ապակենտրոնացման եւ ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու միջոցով: Կարծում ենք՝ այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ