News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Վերահսկիչ պալատը նոր ղեկավար ունի: Ազգային ժողովն այսօր գաղտնի քվեարկությամբ 99 «կողմ» ձայնով պալատի նախագահ է ընտրել Լեւոն Յոլյանին: Նրա թեկնածությունն առաջարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Յոլյանն այս կառույցում աշխատանքի փորձ ունի. նա Վերահսկիչ պալատի փոխնախագահ է եղել, ապա կարճատեւ ժամանակով, մինչեւ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար: Լեւոն Յոլյանից լրագրողները հարցրել են, թե որքանո՞վ է երաշխավորված իր անկախությունը: Հիշեցրել են Իշխան Զաքարյանի նախադեպը, երբ վերջինը հայտարարել է սենսացիոն բացահայտումների մասին, իսկ հետո նախագահը նախատել է՝ թե քաղաքական հայտարարություններ է անում: Յոլյանը նման մտավախություն չունի:

Իսկ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի շրջանում մթնոլորտն այսքան համերաշխ չէ: Մասիսում հանրապետականների միջեւ տեղի ունեցած ընդհարումից հետո միջադեպ է գրանցվել նաեւ Արագածոտնում: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկություն էին տարածել, որ Արագածոտնի մարզում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել դաշնակցականներից մեկին: Լրագրողները փորձել են լուրը հենց Առաքելյանից ճշտել: Առաքելյանի խոսքով՝ ինքը պատգամավոր է, իրեն նման պահվածքը հարիր չէ: Ընտրությունների ընթացքում էլ նույն տրամաբանությանն է հետեւելու:

Պատգամավորության թեկնածուների միջեւ բախումներին անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն ու դժգոհություն հայտնել տարածքային ցուցակներով ընտրակարգից: Հենց սկզբից դեմ է եղել դրան: Նա նաեւ ընդունում է. հանրությունը գոհ չէ իր կուսակցությունից: Պատճառներն օբյեկտիվ են եւ սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից մեկը շարունակվող զանգվածային թալանն է։ Համոզված է, որ պետական ռեսուրսներն օգտագործող մարդիկ պետական ինստիտուտներում չպետք է տեղ ունենան։

Անբիծ ընտրությունների թեմային էլ խորհրդարանի ամբիոնից անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանն ու հայտարարել, որ Հայաստանում «քվեների միգրացիա եւ չու» է տեղի ունենում: Հավաստել է, որ բնակիչներին Հայաստանի տարբեր տարածքներից տեղահանում են՝ մի բնակավայրից մյուսում հաշվառելով:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է պաշտոնական այցով Բելգիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը: «Քարնեգի» հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում նա նշել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգը լուրջ քննություն է անցնելու: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքում այնպիսի արմատական փոփոխություններ ունենք, որոնց զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած՝ ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության եւ կոնսենսուսի արդյունք էր:

Խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ նախագահն արձանագրել է, որ դա Բաքվի երկարամյա ռազմատենչ քաղաքականության եւ քարոզչության կենսագործումն էր: Դա կրկին ապացուցեց, որ Արցախի ժողովրդի պայքարը սեփական հողի վրա անվտանգ գոյության ու ազատության համար այլընտրանք չի ունեցել ու այսօր էլ չունի: Ղարաբաղյան հակամարտության թեմային Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը

Սյունիքի մարզում դետեկտիվ ժանրի հերթական միջադեպն է գրանցվել: Գորիսի ոստիկանապետի աշխատասենյակում ծեծել են նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Էդմոն Խաչատրյանին: Նա հիվանդանոց է տեղափոխվել: Խաչատրյանը գլխի, դեմքի եւ պարանոցի հատվածում վնասվածքներ ունի:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը եղել է այն, որ երիտասարդը զանգահարել եւ հաղորդագրություն է ուղարկել ոստիկանության կին լեյտենանտներից մեկին: Խաչատրյանը պատմել է, որ իրեն ծեծողներից է եղել նաեւ ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը: Երիտասարդը վստահեցրել է, որ ոչ մի վատ բան չի արել, պարզապես «հավանում է այդ աղջկան, նրան ասել է, որ ուզում է ամուսնանալ»: Նույնիսկ հասցրել է ճշտել՝ «ընկեր չունի»: Էդմոն Խաչատրյանի մայրը ոստիկանություն է դիմել ու հայտարարել, որ ամեն ինչ անելու է՝ որդուն ծեծի ենթարկողներին պատասխանատվության կանչելու համար:

Սյունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը Կապանում զգացվել է 5, Գորիսում եւ Քաջարանում՝ 4-5 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին 3.3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է հաջորդել:

Տուժածներ եւ ավերածություններ չկան, Կապանում միայն հեռախոսակապն է խափանվել: Գորիսի ուսումնական հաստատություններում դասերն այսօր հետաձգվել են, Կապանում՝ ժամանակավորապես ընդմիջվել:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել: «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Արփա գետը: «Mercedes»-ի 33-ամյա վարորդ Զոհրաբ Զաքարյանն ու 25-ամյա ուղեւոր Գեւորգ Նազարյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Նրանց վիճակը բավարար է:

Արագածոտնի մարզում արտառոց դեպք է գրանցվել: Քուչակ գյուղում այսօր երկգլխանի հորթ է ծնվել: Գյուղապետն ասում է՝ նման բան դեռ չէին տեսել, բոլորը զարմացած են: Ժամեր անց, սակայն, հորթուկը սատկել է:

Փետրվարի 28-ին դոլարի փոխարժեքը նույնն է մնացել, եվրոն փոքր-ինչ թանկացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 40 լումա, ֆունտինը՝ 604 դրամ:

Մարտի 1-ին՝ գարնան առաջին օրը, հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -6-8 աստիճան ցուրտ, ցերեկը՝ մինչեւ +1 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ