News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Տափերական գյուղի մոտ գնացքի տակ ընկած 150 ոչխարների տերը վարկով էր գնել հոտը: Այս մասին այսօր` մարտի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց հոտի տիրոջ` Ջասմ Խդոյանի եղբայրը` Թեմուր Խդոյանը:

Նրա խոսքով` եղբայրը մեծ դժվարությամբ է հոտը ձեռք բերել, վարկ է վերցրել բանկից ու հիմա չգիտի, թե ինչպես պետք է այդ գումարը վերադարձնի. «Մի քանի ամիս առաջ էինք վարկ վերցրել հոտը գնելու համար, չգիտեմ հիմա, թե ոնց պիտի փակենք էդ փողը: Ազգությամբ եզդի ենք, մեր միակ զբաղմունքը անասնապահությունն է: Ի՞նչ պիտի անենք` դեռ չգիտեմ»:

Նրա պատմելով` իր եղբայրը չի տեսել եկող գնացքը: Գնացքի ազդանշանից ոչխարները վախեցել են ու խմբվել երկաթգծի վրա. «Ոչխարները տենց կենդանիներ են, որ թեկուզ մեկը անդունդը գցի իրեն, մյուսները կհետեւեն նրան»:

Թեմուր Խդոյանի խոսքով` մտադիր են սատկած ոչխարների միսը վաճառել Երեւանի գազանանոցին:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող երկաթգծի վրա այսօր՝ մարտի 1-ին, հայտնաբերվել է 100-ից ավելի սատկած գառ ու ոչխար: Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:00-ի սահմանում. Գնացքը բախվել է երկաթգծի վրայով անցնող ոչխարների հոտին, որի հետեւանքով ոչխարները սատկել են:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ