Մասիսում դանակահարության միջադեպով իրավապահ մարմիններն են զբաղվում եւ համապատասխան մարմիններն էլ գնահատական կտան: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին Սայաթ-Նովա գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ականի դանակահարությանը:

«Նրանք, ովքեր փորձում են քաղաքական պայքարը վերածել բռնությունների, պայքարի, խստագույնս պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, բոլոր նրանք, ովքեր ապատեղեկատվություն են տարածելու, նրանք էլ են խստագույնս պատժվելու: Մենք անելու ենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն օրենքի սահմաններում, մնացածը իրավապահ մարմինների խնդիրն է: Ցանկացած օրինախախտման դեպքով պիտի համապատասխան մարմինները զբաղվեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը, Շարմազանովն արձագանքեց. «Նաիրա Զոհրաբյանը Հռոմի պապ չի, որ ինչ ասի, մենք ընդունենք: Նաիրա Զոհրաբյանը հարգարժան գործընկեր է, իր կարծիքն ասել է, իրավապահ մարմիններն էլ կասեն: Նաիրա Զոհրաբյանն ասեց… Այսինքն` Նաիրա Զոհրաբյանի համար Էդուարդ Շարմազանովի ասածը հի՞մք է: Շատ հարգանք ունենալով Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, այնուամենայիվ Նաիրա Զոհրաբյանի ասածներն ինձ համար վերջին ճշմարտություները չեն»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում հակադարձեց. «Անկեղծ ասած, երբևէ չեմ հավակնել ո’չ հռոմի պապի, ո’չ Անգլիայի թագուհու, ո’չ էլ այլ բարձրաստիճան վեհափառ այրի կարգավիճակի»:

Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ դանակահարվածը ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանն է, որին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողը իր շտաբի պետն է: