Եթե ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուքը ոչ թե անձնական, այլ նախընտրական բնույթ է կրել, ապա մենք դա հենց այնպես չենք թողնի։ Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Պատգամավոր Բազմասեր Առաքելյանը (նախկինում՝ ԲՀԿ-ից, այժմ՝ ՀՀԿ-ից տարածքային թեկնածու) վերջերս իր գյուղում՝ Փարպիում ծեծկռտուք է սարքել ՀՅԴ-ից մրցակցի հետ։

Ռուստամյանի խոսքով՝ ինքը գիտի միջադեպի պատճառների մասին, բայց չի ցանկանում խոսել՝ հետաքննությանը չխանգարելու համար։ «Եթե դրդապատճառները միայն անձնական էին, ապա, դժբախտաբար, նման բախումներն անխուսափելի են։ Սակայն եթե մեր ընտրազանգվածին վախեցնելու փորձ է եղել, մենք դա այդպես չենք թողնի»,- հայտարարել է Արմեն Ռուստամյանը։