News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ինչո՞ւ Հայաստանի նախագահի անունը չկա նրա գլխավորած Հանրապետական կուսակցության համապետական ընտրացուցակում: Euronews-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, որ ի գիտություն են ընդունելհայաստանյան ընդդիմության մտահոգությունը՝ կապված ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորության հետ: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքականությունից:

Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե Հայաստանի նախագահը Եվրամիության հետ Շրջանակային համաձայնագիրը, Ասոցացման համաձայնագրի համեմատ, հետընթա՞ց է համարում, թե՞ առաջ քայլ: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ կողմերը բարի կամք են դրսեւորել եւ քաղաքական հատվածի առումով տարբերություն գրեթե չկա։ Իսկ տնտեսական առումով Հայաստանը պետք է ձգտի խուսափել ԵՏՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հետ հակասություններից: Բայց Ասոցացման համաձայնագրից հրաժարվել ռուսական կողմը չի պարտադրել: Եվրոպացիների համար էլ, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը կարող է բարի եւ կանխատեսելի հարեւան դառնալ:

Ռուսաստանի Պետդումա այսօր օրինագիծ է ներկայացվել, որով նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրներից մատակարարվող որոշ ապրանքների արգելք սահմանել: Եթե այն ընդունվի, ռուսական կառավարությունն իրավասու կլինի արգելել երրորդ երկրներից այն ապրանքների ներմուծումը, որոնք տարբերվում են ԵՏՄ-ում ընդունված կանոններից: Որոշ փորձագետներ հակված են կարծել, որ այս քայլն ուղղված է հիմնականում Բելառուսի դեմ, որն իր տարածքով երրորդ երկրներից մեծ քանակությամբ ապրանքներ է ներմուծում Ռուսաստան: Ընդունման դեպքում օրենքը կազդի նաեւ Հայաստանի վրա, սակայն, փորձագիտական շրջանակների գնահատմամբ, մեր երկրի միջոցով երրորդ երկրների ապրանքների արտահանումը Ռուսաստան այնպիսի ծավալների չի հասնում, որ հնարավոր լինի խոսել տնտեսական մեծ վնասների մասին:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկին երկու օր դեռ կա, բայց քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն սկսել են քննադատել միմյանց եւ մրցակիցների նախընտրական ծրագիրը: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ՀԱԿ-ի կարգախոսին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: Տարակուսում է, թե այս տարիների ընթացքում Հայաստանն ի՞նչ չի արել՝ խաղաղություն ձեռք բերելու համար: Նաեւ հիշեցրել է, թե ինչու ժամանակին հրաժարական տվեց ՀԱԿ-ի համապետական ընտրացուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քննադատությանն ի պատասխան Արամ Մանուկյանը հայտարարել է, որ Դաշնակցությունը բաժակաճառ է ասում, իրենք՝ ռեալ բաներից խոսում:

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է նաեւ Փարպիում հանրապետականների եւ դաշնակցականների միջեւ տեղի ունեցած միջադեպին: Նախաքննությանը չխանգարելու համար մանրամասներ չի հայտնել, բայց վստահեցրել է. եթե միջադեպը նախընտրական բնույթ է կրել, հարցն այդպես չեն թողնի:

Հանրապետական կուսակցությունը չի պատրաստվում ժողովրդին սին խոստումներով կերակրել: Վահրամ Բաղդասարյանն էլ այսպես է արձագանքել իշխանության տնտեսական քաղաքականության շուրջ ԲՀԿ-ականների քննադատությանը եւ խորհուրդ տվել չմոռանալ նախկին գործընկերության մասին:

Մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունից երեք ժամկետային զինծառայողներ են վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել դեռեւս փետրվարի 28-ին: Տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներով նրանք տեղափոխվել են կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Նրանցից Նարեկ Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսի՝ Պերճ Գաբրիելյանի եւ Էրիկ Սահակյանի վիճակը՝ ծանր: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Երեւանի կենտրոնում այսօր մի քանի ժամ շարունակ լարված իրավիճակ էր: 57-ամյա Մանուկ Միսակյանը Խանջյան փողոցում բարձրացել էր վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում էր ցած նետվել: Նա պահանջում է, որ բանկերն իրեն վարկ տրամադրեն, որպեսզի կարողանա վերադարձնել պարտքերը: Մի քանի ժամ շարունակ նրա հետ հոգեբաններ են աշխատել, կինն էլ փորձել է հեռախոսով ամուսնուն համոզել՝ ծայրահեղ քայլի չդիմել:

Պարզվել է նաեւ, որ երեք օր շարունակ Միսակյանին որպես անհայտ կորած որոնում էին: Ի վերջո՝ Մանուկ Միսակյանին կարողացել են համոզել իջնել վերամբարձ կռունկից: Հոգեբանական ծանր վիճակում գտնվող տղամարդն ընկերների հետ հեռացել է դեպքի վայրից:

Երեւանի մեկ այլ հատվածում էլ 39 համարի երթուղու ավտոբուսի վարորդները գործադուլ էին անում: Վարորդներին զայրացրել է այն, որ նույն երթուղով մեկ այլ համարի ավտոբուս է սկսել աշխատել, արդյունքում չեն կարողանում գումար վաստակել:

Վարորդները հայտարարել են, որ միայն ավտոբուսային թիվ 12 երթուղու փոփոխությունից հետո կսկսեն աշխատել: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից պարզաբանեցին, որ ավտոբուսային երթուղու ուղեգիծը մասնակի փոփոխել են, քանի որ այդ հատվածով շահագործվող միկրոավտոբուսային թիվ 31Ա երթուղին փակվել է: Քաղաքապետարանից վարորդներին նաեւ խոստացել են առաջիկա օրերի ընթացքում խնդրին լուծում գտնել: Մինչ այդ վարորդները համաձայնել են աշխատել, սակայն հավաստում են, որ եթե հարցը չլուծվի, նորից գործադուլ են անելու:

Մարտի 3-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, եվրոն էժանացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 511, ռուբլունը՝ 8 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 595 դրամ:

Մարտի 4-ին կեսօրից հետո հանրապետությունում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -1+1 աստիճան տաքություն, ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ