Պաշտպանության նախկին նախարար, «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը չի կարծում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմում որոշ դեպքերում զինտեխնիկան չի աշխատել, քանի որ վառելիքի հետ կերոսին են խառնել, իր դեմ ուղղված քայլ է:
«Խորհուրդ կտայի ընդհանուր առմամբ այսպիսի օրերին կենղացային հարցերով չզբաղվել, եթե ուզում են կարգ ու կանոն հաստատել, թող զբաղվեն: Սա իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող համարել, քանի որ իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգում են իրականացրել»,- այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին սկանդալային հայտարարություն էր արել: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:
«Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը:











