Այն սերնդի ներկայացուցիչները, ովքեր ոչ միայն ղարաբաղյան ազատագրական պայքարի ոչ միայն մասնակիցներն են եղել, այլեւ կազմակերպիչները, այսօր նոր շարժում են սկսում՝ խաղաղության գործընթաց: Ապարանում համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի տարածքային ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներին՝ այս մասին հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ խաղաղությունը մեր զոհված ընկերների կորցրած կյանքը, վաստակը պահելու, պատմականացնելու եւ հավերժացնելու միջոց է, եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը գնում է Հայաստանում արժանապատիվ հաստատելու ճանապարհով:

«Մենք բացահայտ ասում ենք, որ հաղթանակը փոխզիջումների մեջ է: Մենք Բաքուն չենք գրավել, Ադրբեջանը կապիտուլյացիա չի հայտարարել: Փոխզիջումները համաձայնեցված են միջազգային կազմակերպությունների հետ, Հայաստանի երեք նախագահների օրոք էլ բանակցություններ են եղել, եւ հիմա եռանախագահող երկրների միջնորդությամբ հաստատված փոխզիջումային տարբերակ կա»,- հայտարարել է Արամ Մանուկյանը:

Նրա հավաստմամբ՝ դա Հայաստանին կբերի ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, ինտեգրման հնարավորություն, առաջնագծում նոր զոհերի կանխում եւ Ղարաբաղի տարածքի ֆիզիկական անջատում Ադրբեջանից: Դրանից հետո, ըստ Մանուկյանի, Հայաստանը կկարողանա զարգանալ արագացված տեմպերով, ունենալ հզոր բանակ, հզոր զենք:

Արամ Մանուկյանը նշել է, որ առայժմ ոչ մի քաղաքական ուժ համարձակություն չի ունեցել այս հարցում աջակցել իրենց, բայց իրենք ոչ թե քաղաքական ուժերի, այլ ժողովրդի աջակցության կարիքն ունենք: «Եվ եթե ժողովուրդն ապրիլի 2-ին քվեարկի խաղաղության մեր կոնցեպտի օգտին, նշանակում է՝ մեր գործընթացը շատ արագ կընդարձակվի եւ առաջիկա խորհրդարանում կունենանք շատ լուրջ ներկայություն, եւ մեր խնդիրը կլինի արժանապատիվ, հաղթանակած խաղաղություն վաստակելն ու արձանագրելը»,- հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչը: