Մենք չլուծելով ԼՂ խնդիրը ամեն օր մսխելու ենք մեր տարած հաղթանակը: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեած հանդիպման ժամանակ նշել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, իրենց դաշինքի համար առաջնային խնդիրը խաղաղության հաստատումն է. «Մենք չլուծելով Արցախի խնդիրը ամեն օր մսխելու ենք մեր տարած հաղթանակը: Բայց դեռ կա հնարավորություն այս հաղթանակը պահելու: Մենք իսկապես կարող ենք երկիրը հասցնել մի վիճակի, երբ հաղթանակը կտանեն մեր ձեռքից: Եվ այդ պատճառով ասում ենք, որ ժամանակն է սթափվելու եւ այս ընտրությունն էլ լավ հնարավորություն է ժողովրդին այս ամենը ասելու, ամբողջ ճշմարտությունը բացելու համար»,-ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց նպատակն է փրկել երկիրը այս փչացածության վիճակից. « Եվ մենք Արագածոտնում մեր պայքարի օջախները ստեղծել ենք: Մենք գնում ենք դեպի հաղթանակ, դեպի ռազմի դաշտ: Մեր ընտրությունների գնալու հիմնական ուղերձը խաղաղության հաստատումն է: Բացի խաղաղության հաստատման ուղերձից, տեսնում ենք երկրի զարգացման ուղիները»:

Անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սահակյանին ազատ արձակելուն, Զուրաբյանն ասաց. «Մարդն արդեն մոտ 30 օր հացադուլ էր հայտարարել, եթե այդպիսի սկզբունքային մարդիկ նման միջոցների են դիմում, նշաակում է, պետության հետ ինչ-որ բան այն չէ:

Ներկաներից մեկի հարցին, թե որոնք են այդ փոխզիջումները, որոնց մասին խոսում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, Զուրաբյանը պատասխանեց. «Շատ պարզ փոխզիջումային ծրագիր կա, մենք պահում ենք Ղարաբաղը Քելբաջարն ու Լաչինը: 1997-ին Տեր-Պետրոսյանն արդեն հասնում էր այդ խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց չթողեցին», ապա դիմելով իշխանություններին Լեւոն Զուրաբյանն ասաց. «Եթե տղա էիք, էս 19 տարիների ընթացքում այդ հարցը լուծեիք»:

Նշենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր նախընտրական հանդիպմանը, առաջին նախագահը չի մասնակցել նաեւ երեկ դաշինքի նախընտրական ծրագրի հրապարակմանը: Լեւոն Զուրաբյանը, մեկնաբանելով այդ հանգամանքը, ընդգծել է, թե Տեր-Պետրոսյանն այլ մարտավարություն ունի: «Նա երբեք ստերեոտիպների մեջ չի մտնում եւ ստերեոտիպներ չի կիրառում քարոզչության մեջ»,- ասել է Զուրաբյանը: